ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել է, թե Ադրբեջանի հետ բանակցություններում ամենակարևոր հարցերի շուրջ չկա առաջընթաց. «Դա ՀՀ սուվերեն 29.800 քմ արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի ստեղծումն է, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծումն է»։
Ըստ նրա, այսօր չի հաջողվում պահպանել անգամ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները. «Լաչինի միջանցքում ըստ եռակողմ հայտարարության Ադրբեջանը չպետք է ներկա լինի, բայց այս պահին ներկա է, և մեզ համար շատ կարևոր է ունենալ միջազգային երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտ, որով կլուծենք նման հարցերը»։
Նա ասել է, թե արևմտյան կողմը բանակցություններում պայմաններ կամ առաջարկներ չի ներկայացրել. «Խաղաղության պայմանագրի վերաբերյալ նախկինում ՌԴ-ն է առաջարկներ ունեցել, և այդ առաջարկները հրապարակային հայտնի են, դրանցից մեկը վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետաձգում ու նման այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ բանակցություններն այս պահին ավելի շատ երկկողմ են, միջնորդները փորձում են օգնել, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի, և ՀՀ համար տարբերություն չկա, թե այդ բանակցությունները որտեղ են ընթանում»։