Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով քննությունը։ Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017թ․ խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառք բաժանելու մեջ: Խոսքը շուրջ 90 միլիոն դրամ ընտրակաշառքի մասին է։
Լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանն ասել է, որ մեղադրանքը չի ընդունում. «Եթե ես մեղավոր լինեի, վաղեմության ժամկետն անցել է, կհամաձայնվեի, որ վաղեմության ժամկետով գործը կարճվեր»։
Հարցին՝ պնդու՞մ է, որ ընտրակաշառք չի բաժանել, Ծառուկյանը կրկնել է. «Ես 5 տարի է՝ նույն բանն եմ ասում, հիմա էլ եմ ասում․ եթե մեղավոր լինեի, վաղուց վաղեմության ժամկետը անցել է, կդիմեի, որ գործը կարճվեր»:
Հարցին՝ ԲՀԿ-ն չի՞ փոշմանել, որ հինգ տարի առաջ այս օրերին միացել է թավշյա հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ, Ծառուկյանը պատասխանել է. «Այսինքն, ինչի՞ համար փոշմանեմ, երկրում բա՞ն ա փոխվել, ասենք՝ անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ է»։
Լրագրողը Ծառուկյանից հետաքրքրվել է, թե շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը, նա պատասխանել է. «Ի՞նչ ես դու հարցեր տալիս, անկապ հարցեր ես տալիս»։
ԲՀԿ նախագահը նաև լրագրողներին կոչ է արել. «Ես ուզում եմ խորիմաստ հարց»։