Քաղաքական

«Չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումն ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում». ԱԺ նախագահ

«Չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումն ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում». ԱԺ նախագահ

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Անկարայում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է լրագրողների հետ։

Նա հայտարարել է, որ հիմա ծանր ժամանակահատված է, աշխարհում լարված իրադարձություններ և կոնֆլիկտներ են տեղի ունենում, և իր՝ այստեղ գալը նաև նպատակ ուներ ի ցույց դնել Հայաստանի կամքը՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր հարևանների հետ. «Կարծում եմ՝ մենք այս պատմական հնարավորությունը չպետք է բաց թողնենք»։

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Երևանում «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրմանն ու Թուրքիայի արձագանքներին։ Նա ասել է, թե ցավում է, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում․ «Ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ։ Որոշումը կայացվել է ՏԻՄ-ում, և ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և ԱԳ նախարարի կողմից, իսկ այդ մակարդակում կայացված որոշումներին բոլորն ականատես են վերջին ամիսների ընթացքում։ Մենք պետք է հասկանանք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է առիթներ, պատճառներ գտնել հարաբերությունները վատացնելու»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ ինքն էլ կարող էր հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար. «Բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական