Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Վաշինգտոնում ավարտվել են ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների բանակցությունները։ Ըստ պետքարտուղար Բլինքենի՝ կողմերը մի շարք հարցերի շուրջ համաձայնության են եկել։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։ Ձեր տպավորությամբ՝ մո՞տ է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
- Պաշտոնական լրահոսում Ձեր նշած մոտալուտ տեսությանն առընթեր կա բաժին, որում խոսվում է անհամաձայնությունների մասին․ ասվում է, որ կան տարամետ մոտեցումներ։ Պարզ չէ, թե որոնք են տարամիտությունները, դրա համար էլ մոտալուտ լինելու մասին խոսելը ամուր հիմնավորում չունի։
- Վաշինգտոնյան բանակցություններին ինչպե՞ս կարձագանքի պաշտոնական Ռուսաստանը, հնարավորություն տեսնու՞մ եք գործընթացը վաշինգտոնյան հարթակում պահելու համար։
- Առ այս պահը, ի տարբերություն առաջվա, Մոսկվան կոշտ չի արձագանքել։ Պեսկովն ասել էր, որ բանակցություններին, բացի եռակողմ պայմանավորվածությունները, որևէ հիմք չկա։ Իսկ Զախարովան առաջարկել էր սպասել արդյունքներին։ Վաշինգտոնյան փորձերը, կարծում եմ, կշարունակվեն՝ իհարկե, մոսկովյան զուգահեռականությամբ։
- Հաջորդ շաբաթ ՀՀ վարչապետը կմեկնի Մոսկվա։ Ինչպես գիտեք՝ երկու երկրների ԱԳ նախարարների մեկ այլ հանդիպում էլ նախատեսվում է Ռուսաստանի տարածքում։ Ի՞նչ սպասելիքներ ունեք այս հանդիպումներից։
- Գիտեք՝ այստեղ երանգային կարևոր կետ կա․ շաբաթներ առաջ խոսվում էր Մոսկվայում նախատեսված հանդիպման մասին։ Դրանից առաջ հանկարծակի վաշինգտոնյան նախաձեռնությունը հանդես եկավ։ Վաշինգտոնը Մոսկվայից առաջ ընկավ, ինչը լարված մրցապայքարի ցուցիչ է։ Ուստի չի կարելի հստակ նախատեսել խաղաղության պայմանագրի ստորագրում․ դա կլինի ամերիկյա՞ն, թե՞ ռուսական միջնորդությամբ և երաշխավորությամբ։ Երկու երկրների մոտեցումների բովանդակությունը կարող է չտարբերվել․ խնդիրը միջնորդական գործընթացի ղեկի ձեռքբերման և պահպանման մեջ է։ Ալիևի հայտարարությունը հատկանշական էր. ասելով, որ բանակցությունների հաջորդ հանգրվանը լինելու է Մոսկվայում՝ փորձեց Վաշինգտոնն ու Մոսկվան այդ առումով փոխլրացնել։ Նա գիտի, որ եթե չլինի երկու գլխավոր խաղացողների կոնսենսուս, պայմանագիրը չի կայանա։ Դրա համար էլ փոխլրացման օղակներով է ներկայացնում Մոսկվան ու Վաշինգտոնը։
- ՌԴ-Արևմուտք հակամարտող հարթակներում խաղաղության պայմանագրի և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող բանակցությունները ինչպե՞ս կազդեն գործընթացի վրա։
- ՌԴ-Արևմուտք հակամարտությունն, ըստ էության, ՌԴ-ԱՄՆ կոնֆլիկտի է վերածվում։ Պարզապես Եվրոպան այստեղ ածանցյալ դեր ունի։ Թվում է՝ Բրյուսելը նախկին աշխուժությունը չունի, և հիմա կենտրոնացումը Վաշինգտոն-Մոսկվա գծի վրա է։ Ստացվում է այն, որ առանց հանդիպելու կամ համակարգելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի խմբակից դուրս է մղվում Ֆրանսիան կամ Բրյուսելը, և երկու համանախագահողները, թեկուզ անջատաբար, շարունակում են միջնորդել։ ԼՂ-ի խնդրով՝ պարզ է, որ Մոսկվան ուզում է ապահովել իր զորքերն այնտեղ տեղակայելու ժամկետի երկարաձգման լեգիտիմությունը։ Վաշինգտոնը քաղաքական տրամաբանությամբ արգելակելու է այդ առաջադրանքի իրականացումը։ Այս պարանաձգումը շարունակվելու է։ Իմ համոզմամբ՝ հակամարտության չլուծման կարևորագույն հանգույցը խաղաղապահ զորքերի բաղադրությունն է եղել։ Հիմա արդեն Բաքուն ընդհանրապես խաղաղապահ առաքելություն չի ուզում․ ասելը, որ Արցախի ժողովուրդը պետք է համակերպվի կամ լքի տարածքը, դրա մասին է խոսում, իսկ այստեղ արդեն Բաքվի և Մոսկվայի շահերի բախման կետ է։ Այդ կետը կարող է խաղաթուղթ լինել Վաշինգտոնի ձեռքին։
Հայկ Մագոյան