Քաղաքական

«Եթե հանդիպումները տեղի ունենային Մոսկվայում, դուք էլի՞ այս հարցը կբարձրացնեիք». Եղոյանը՝ Գեղամ Մանուկյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եթե հանդիպումները տեղի ունենային Մոսկվայում, դուք էլի՞ այս հարցը կբարձրացնեիք». Եղոյանը՝ Գեղամ Մանուկյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր հայտարարել է, թե Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև «գաղտագողի» բանակցություններ են տեղի ունենում։ Միաժամանակ, Մանուկյանը հետաքրքրվել է, թե ինչու է Արարատ Միրզոյանի հետ Վաշինգտոն մեկնել նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչն է։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն, արձագանքելով այդ հայտարարությանը, նշեց, թե զարմանում է, որ Մանուկյանի համար նորություն է բանակցությունների ընթանալը. «Առաջարկում եմ հետևել ԱԳՆ հաղորդագրություններին»։ Ինչ վերաբերում է Ռուբինյանի այցին, Արշակյանի խոսքով՝ այդ մասին ամեն ինչ ասված է ԱԺ նախագահի գործուղման մասին որոշման մեջ։

ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ արձագանքեց. «Պարոն Մանուկյան, ասում եք՝ գաղտագողի, այսինքն, ամբողջ աշխարհի առաջ գաղտագողի բանակցություննե՞ր են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ 

Արման Եղոյանը նաև հարցրեց Գեղամ Մանուկյանին՝ խնդրելով անկեղծ պատասխանել. «Եթե այս բանակցությունները այսօր, նույն ձևով, նույն քանակի լրատվությամբ, նույն բովանդակությամբ, նույն հաղորդագրության տեքստով տեղի ունենային Մոսկվայում, դուք էլի՞ այս հարցը կբարձրացնեիք»։ Նրա խոսքով՝ ԼՂ հարցով բանակցություններն իրենց բովանդակությամբ նույնն են թե Վաշինգտոնում, թե Մոսկվայում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական