«Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել», - հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդումներին, թե Հայաստանը հրաժարվել է Լաչինի միջանցքում զուգահեռ վերահսկողության առաջարկից, նախարարն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները անխափան և հետևողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ. «Այն, ինչ Ադրբեջանն է արել և անում Լաչինում, բացարձակապես ապօրինի է, և սա նաև հավաստվում է արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ վճռով»։
Ըստ Միրզոյանի՝ հարցերը, որոնք առնչվում են ԼՂ ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը, կարող են քննարկվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի մեխանիզմում. «Լաչինի միջանցքում սահմանակետերի վերաբերյալ ադրբեջանական կողմից հրապարակային պահանջներ կամ առաջարկներ (դժվար է տարբերակում անել) հնչել են, բայց ես կրկնում եմ այն, ինչ ասացի՝ չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ»։