Radar Armenia-ի զրուցակիցը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է։
- Ադրբեջանը ապրիլի 23-ից Հակարիի կամրջի վրա անցակետ է տեղադրել և արցախահայությանն ամբողջովին կանգնեցրել հումանիտար աղետի առաջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը։
- Սա ռուս-թյուրքական պայմանավորվածությունների շրջանակում է։ Ռուսաստանին պետք է, որ հայությունը, մասնավորապես՝ արցախահայությունն, անվերապահորեն հանձնվի ռուսական ողորմածությանը, ինչի համար որևէ ստոր միջոցի առջև կանգ չի առում, և ռուսական այդ ծրագիրն իրականացնող բութ գործիքը Ադրբեջանն է՝ իր չեկիստորդի առաջնորդով։ Դրա դիմաց Ադրբեջանն իր ստանալիքն արդեն ստացել է և դեռ բոնուսների տեսքով նոր ստանալիքների ակնկալիք ունի, ինչպես դա եղավ 1920թ․։
- Ըստ էության, դիվանագիտական ջանքերը, միջազգային որոշ կառույցների հայտարարություններն արդյունավետ չեն։ Կխնդրեմ մեկնաբանել նաև սա։
- Իմ խորին համոզմամբ՝ ոչ թե միջազգային կառույցների ջանքերն ու հայտարարություններն են անարդյունավետ, այլ մեր իշխանությունների գործողություններն են չհամակարգված ու անարդյունավետ։ Մեր քաղաքական և դիվանագիտական միտքը չի զորում համադրումներ կատարել։
- Արդյո՞ք մեծ է էսկալացիայի հավանականությունը, թե՞, այնուամենայնիվ, այսպես կշարունակվի։
- Էսկալացիայի հավանականությունը բավականին մեծ է՝ հատկապես Թուրքիայում ընտրությունների և քաղաքական վայրիվերումների, ինչպես նաև ուկրաինական ճակատի զարգացումների ֆոնին։ Ադրբեջանը շտապում է, իսկ մենք պարտավոր ենք ևս մի կարճ ժամանակ դիմանալ և դիմադրել։
- Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար ունեն։ Այս փոփոխությունը քաղաքական ի՞նչ ենթատեքստ ունի, և արդյո՞ք նոր հրամանատարի փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Արցախում ստեղծված իրավիճակի վրա։
- Հաշվի առնելով ռուսական կողմի միջազգային և համապարփակ ցայտնոտը՝ կարելի է ենթադրել, որ ռուսները կոսմետիկ փոփոխությունների են պատրաստվում։ Մենք դա գիտենք Կովկասի փոխարքաներ Գոլիցինի և Վորոնցով-Դաշկովի ժամանակներից։
- Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները Արցախում, եթե Ռուսաստանի դիրքերն ուկրաինական ճակատում թուլանան։
- Ռուսաստանի դիրքերն իրոք թուլանում են, բայց Հարավային Կովկասը ձեռքից բաց թողնելը Ռուսաստանի համար մահվանը հավասար բան կլինի, ուստի ենթադրելի է, որ ռուսներն այստեղ կանցնեն առավել կոշտ մեթոդների։ Մենք պարտավոր ենք ոչ ստանդարտ միջոցներ հայտնագործել։
- Հայաստանի իշխանությունն անընդհատ խոսում է Արցախում միջազգային դիտորդներ անհրաժեշտության մասին, իսկ Արցախի իշխանությունն այս մասով որևէ բառ չի ասում։ Ո՞րն է վերջիններիս կաշկանդվածության պատճառը։
- Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները ռուսական դրածոներ են, և միայն Ռուսաստանն է որոշում, թե դրանցից որն ինչպես վարվի, որն ինչ խաղեր տա Արևմուտքի հետ։ Այնպես որ, խնդիրը դուրս է կարծեցյալ անկաշկանդության և կաշկանդվածության դաշտից։ Արցախի Արայիկ Հարությունյանն իր գավառական ադամանդակուռ բարձունքից մերժեց Մինսկի խմբի անդամներ՝ միջուկային տերություններ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահներին ընդունել, ինչ է թե՝ ռուսական կողմը հրաժարվել էր Մինսկի խմբում ստանձնած իր միջազգային պարտավորություններից ու չէր ժամանել Ստեփանակերտ։ Չեմ կարծում, թե պարոն Հարությունյանն ինքնուրույն նման ստահակության գնար․ անգամ ոզնուն է պարզ, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մերժումը ռուսական մոտեցում էր, որպեսզի վիժեցվեր Մինսկի խումբն ու Թուրքիայի և Ադրբեջանի հետ միանձնյա որոշեր տարածաշրջանի հարցերը։ Այնպես որ, 2020թ․-ից ի վեր այդ հարցում ոչինչ չի փոխվել և փոխվել չէր կարող, քանի դեռ մեր ներսում ոչինչ չի փոխվել։
Հայկ Մագոյան