ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` 2023 թվականի ապրիլի 18-ին գումարված արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 25-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը` պատգամավորներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ օրենսդիրները հոտնկայս հարգել են նաև երկու օր առաջ թշնամու դավադիր գնդակից զոհված Արտյոմ Պողոսյանի և հայրենիքի պաշտպանության համար զոհված, ինչպես նաև բանակում զոհված քաջորդիների հիշատակը:
ԱԺ որոշմամբ օրակարգում ընդգրկված ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով` առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ առաջարկվում է փաթեթի գործողության ժամկետը հետաձգել մինչև հուլիսի 1-ը: Հետաձգման պատճառն այն է, որ փաթեթի հետ կապված անհրաժեշտ է ընդունել մոտ 30 ենթաօրենսդրական ակտ, որոնք կապահովեն վերոնշյալ օրենքների անխափան կիրարկումը: Փոխնախարարի խոսքով մինչև նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ընդունումը (mutatis mutandis) գործելու են կարգավորման նույն առարկան ունեցող ենթաօրենսդրական ակտերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ չեն հակասում օրենքին:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է հրաձգարանների գործունեությանն առնչվող փոփոխություններով: «Արդյոք դրանք կազդե՞ն քաղաքացիական կամ մասնավոր հրաձգարաններ հիմնելու գործընթացի վրա»,- հարցրել է նա: Ի պատասխան` Արփինե Սարգսյանը հայտնել է, որ առաջարկվող փոփոխություններով բացվում է այդ դաշտը, և համապատասխան չափանիշների պահպանման դեպքում մասնավոր հատվածը նույնպես կկարողանա օգտվել այդ հնարավորությունից: Արձագանքելով` Հակոբ Արշակյանը կարևորել է բարձրակարգ և միջազգային չափանիշներին համապատասխան հրաձգարաններ ունենալը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Արփինե Սարգսյանից հետաքրքրվել է, թե ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծի ընդունումից հետո արդյոք եղե՞լ է իրավասու մարմնի որոշում, որով սահմանվել են ժամկետներ ենթաօրենսդրական ակտերի մշակման, պատասխանատու մարմինների առումով: «Խախտում եղե՞լ է ժամանակացույցի և այդ մարմինների կողմից կարգապահական առումով»,- հարցրել է պատգամավորը: Փոխնախարարը հայտնել է, որ ժամանակացույցի առումով ձգձգումները պայմանավորված են եղել Կառավարության կառուցվածքային փոփոխությամբ, մասնավորապես, ՆԳ նախարարության ձևավորմամբ:
Ելույթ ունենալով` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը եղել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի հեղինակներից, հայտնել է, որ նախագիծը քննարկվել է շուրջ 11 ամիս, նախնական տարբերակում առաջարկվել է օրենքի ուժի մեջ մտնելը սահմանել 2023 թվականի հունվարի 1-ը, սակայն նախարարության հետ քննարկելուց հետո` նրանց խնդրանքով հետաձգվել է մինչև ապրիլի 28-ը: «Արդյոք որքանո՞վ ենք ապահովագրված այն ռիսկից, որ եթե վաղը կառուցվածքային փոփոխություններ չլինեն, ևս մեկ անգամ չենք գալու ժամկետի հետաձգման հարցով»,- հարցրել է նա: Անդրադառնալով ենթաօրենսդրական ակտերի` ժամանակին ընդունված չլինելու հանգամանքին, պատգամավորը նշել է, որ այստեղ ևս խնդիր կա: «Պետք է լինեն մարդիկ, որոնք կրելու են պատասխանատվություն»,- ընդգծել է նա:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոխնախարարից հետաքրքրվել է վերջերս երևանյան ակումբներից մեկում ոստիկանության իրականացրած գործողություններով: «Որքանով հասկանում ենք` դրանք իրականացվել են թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակում: Քննարկման ենթակա չէ այն փաստը, որ հանցավորության դեմ պայքարը կոշտ բնույթ պետք է կրի, բայց դա չպետք է ուղեկցվի բռնությամբ: Սոցցանցերում տարածվել են լուսանկարներ և տեսանյութեր, և աշխատակիցները պատմում են իրենց հանդեպ ենթադրյալ բռնության մասին: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այդ վկայությունների մասին, և որքա՞ն օրինաչափ են եղել ոստիկանության այդ գործողությունները»,- հարցրել է նա:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ հատկապես 2023 թվականը, ըստ էության, թմրամոլության դեմ պայքարի տարի է և ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն այդ պայքարում ներգրավված են: «Ակումբները ևս բացառություն չեն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդպիսի հաստատություններում թմրամիջոցների շրջանառության ռիսկը շատ ավելի բարձր է: Արդեն իսկ տարբեր ակումբների վերաբերյալ դրվագներ ունենք: Ուստի սա անսովոր չպետք է լինի` հաշվի առնելով մեր քաղաքականությունը»,- ասել է նա և հավելել. «Եթե լինի անհամաչափ ուժի այնպիսի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն ծառայողի կողմից, ապա դա անպայման վրա կհասնի: Այս պահին չեմ կարող ասել` բռնություն իրականում եղե՞լ է, թե ոչ, բայց առերևույթ զոհերից ցանկացած դեպքում ունենում ենք հաղորդումներ: Եվ քննչական մարմիններն ու ոստիկանությունն արձագանքում են»: Արձագանքելով` Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ հարցում կուղարկի` պարզելու, եղե՞լ է արդյոք բռնություն, թե` ոչ:
Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են թմրամիջոցների դեմ պայքարին: Մասնավորապես, նշվել է, որ իրականացվող պայքարը համարժեք չէ ստեղծված ծանր իրավիճակին: Կարծիք է հնչել, որ թմրամոլությունը մեծ տարածում է գտել նաև դեռահասների շրջանում, և այն այսօր լուրջ սպառնալիք է ազգային անվտանգությանը: Ընդգծվել է, որ սինթետիկ թմրամիջոցների նույնիսկ 2-3 անգամ օգտագործումն այնպիսի օրգանական փոփոխություններ է առաջացնում մարդու օրգանիզմում, որ այլևս հնարավոր չէ վերադառնալ մարդկային կյանքի:
Եղել են որոշ առաջարկներ` ուղղված թմրամոլության դեմ պայքարի ուժեղացմանը,- տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։