Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայմանը և նշել, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանն է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն։ Ի վերջո, ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի՞ Հայաստան։
- Խաղաղապահների տեղակայումը կարող է զսպիչ դեր ունենալ։ Եվ իհարկե, երկկողմ համաձայնության հարց կա, որ դեկլարատիվ առումով արվում է։ Խնդիրը ՀԱՊԿ զորքերի տեղակայման հարցն է։ Ադրբեջանը ներխուժել է հայաստանյան տարածք։ Կարծում եմ՝ գործընթացը պետք է պայմանավորել ադրբեջանական զորքերի ելման կետեր վերադարձով։ Դրանից հետո հայաստանյան և ադրբեջանական տարածքների միջև պետք է տեղակայվեն խաղաղապահները։ Անորոշությունները փոխկապակցված են, որովհետև այս գործընթացը անմիջականորեն կապվում է սահմանազատման և սահմանագծման պրոցեսների հետ, իսկ դեռևս պարզ չէ, թե որ քարտեզների հիման վրա են ընթանալու աշխատանքները։ Թե՛ ադրբեջանական ներխուժումը, թե՛ ՀԱՊԿ զորքերի տեղակայման առաջադրանքը առնչվում են սահմանազատման-սահմանագծման գործընթացների հետ։ Իսկ սահմանազատում-սահմանագծումը Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի երրորդ կետն է։
- Որքանո՞վ արդյունավետ կլինի ԵՄ և ՀԱՊԿ առաքելությունների միաժամանակյա ներկայությունը Հայաստանի սահմաններին։
- Երբ տարածաշրջանում գնում է երաշխավորների և միջնորդների աշխարհաքաղաքական մրցապայքար, դժվար է ենթադրելը, որ ԵՄ և ՀԱՊԿ առաքելությունները կլինեն իրար փոխլրացնող։ Կլինեն մրցակցային, և դա կհանգեցնի որոշակի ցնցումների։ Ոչ անպայման՝ պատերազմական տեսքով։ Կլինեն հակակշռային առաքելություններ, որոնց նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ ազդեցության գոտի պահպանելը կամ նվաճելը։
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում հայ դաշնակիցներին պարտադրել այս կամ այն լուծումը Ադրբեջանի հետ հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հարցով։ Սա ի՞նչ է նշանակում։
- Սա ենթադրում է միջնորդական առաքելություն իրականացնելու համար գործընթացի ղեկը պահպանել։ Հավասար հեռավորություն պահելու դասական կանոն է, որը կիրառվում է հատկապես կողմերից ընդունելի լինելու համար։ Միակողմանիությունը կխախտի միջնորդի կամ խաղաղապահի կարգավիճակը։
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ ոչ պակաս բարդ ու պայթյունավտանգ է մնում իրավիճակը Հարավային Կովկասում, մեջբերում եմ․ «Ե՛վ Լեռնային Ղարաբաղում, և՛ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերն այսօր էլ արդիական են»: Ձեր տպավորությամբ՝ ինչի՞ մասին են վկայում այս հայտարարությունները, ի՞նչ սպասելիքներ ունեք։
- Կարծում եմ՝ կա որոշակի շտապողականություն ՀԱՊԿ առաքելություն իրականացնելու և Ադրբեջան-Հայաստան սահմանին զորքեր տեղակայելու հարցում։ Պատերազմի հավանականության՝ բարձր լինելու մասին խոսելը նպատակադրում է արագացնել խաղաղապահ առաքելության տեղակայման շուրջ համաձայնությունը, և ոչ միայն դա։ Ուզում են ասել, որ ՀԱՊԿ խաղաղապահությամբ և ռուսական միջնորդությամբ պետք է արագացնել նաև խաղաղության պայմանագիրը։
- Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, հատկապես՝ ԼՂ-ում, շարունակում է մեծ կարևորություն ունենալ պետքարտուղար Բլինքենի համար: Այս հայտարարությունը ի՞նչ մեսիջներ է փոխանցում և ու՞մ։
- Վաշինգտոն ուզում է ցույց տալ, որ իրենք ներգրավված են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացներին, և դա Մոսկվայի մենաշնորհը չէ․ անուղղակիորեն ուզում են ասել, որ Մոսկվային չի հաջողվում խաղաղապահ առաքելություն իրականացնել Արցախում։ Արցախը մնում է շրջափակված, և Բաքուն շարունակում է կրակել։ Այս առումով, ըստ էության, Բաքվի ռազմաքաղաքականությունը հարվածում է Մոսկվայի շահերին և խաղաթուղթ տրամադրում հավաքական Արևմուտքին։
Հայկ Մագոյան