«Բազմաթիվ պարբերականներում հրապարակումներ լինում են, թե ՌԴ-ն շրջանցում է պատժամիջոցները՝ այդ թվում նաև Հայաստանի օգնությամբ, բայց պետք է նկատի ունենալ, որ դրա գլխավոր շարժառիթն այն է, որ Հայաստանը ՌԴ-ի հետ գտնվում է նույն մաքսային և տնտեսական գոտում, ինչը նշանակում է, որ ապրանքների տեղաշարժը երկրների միջև ազատ է»,- այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով ամերիկյան լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե Հայաստանն օգնում է Ռուսաստանին՝ շրջանցել պատժամիջոցները։
Նախարարի խոսքով՝ այդ մտահոգությունը փարատելու համար հայկական կողմը խոսում է ամերիկյան և եվրոպացի գործընկերների հետ, բացատրում՝ ո՛ր ապրանքատեսակների առևտրի հիմքերը որոնք են, և արդյոք Հայաստանը չի խախտի ԵԱՏՄ պայմանագիրը․ «Կարողանում ենք բացատրել, որ այն գործողությունները, որ անում են հայաստանյան ընկերությունները, ոչ թե նպատակ ունեն Հայաստանը երկրորդային սանկցիաների տակ գցելու, այլ բխում են երկրի տնտեսական և աշխատանքային շահերից։ Նրանք որևէ կերպ չեն փորձում օժանդակել ռուս գործընկերների կողմից սանկցիաների շրջանցմանը», - ասաց Վահան Քերոբյանը։
Նախարարը նշեց, որ փորձում են պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները՝ ապահովելով այն, որ հայաստանյան ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ․ «Դա չի նշանակում, որ դա բացառված չի։ Մի քանի ընկերություն կա, որոնք արդեն սանկցիաների տակ են ընկել։ Մենք փորձում ենք մաքսիմալ ապահովել մեր ընկերությունների՝ դրանից խուսափելը»։