Քաղաքական

ՀՅԴ-ականների մոտ զգացողություն է, թե հանուն մոգական ազգայինի կարող են շրջանցել սահմանադրությունը. Մարիա Կարապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՅԴ-ականների մոտ զգացողություն է, թե հանուն մոգական ազգայինի կարող են շրջանցել սահմանադրությունը. Մարիա Կարապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այնուամենայնիվ, պարտադիր չէ լինել ՀՅԴ անդամ՝ դաշնակցական մտածողություն ունենալու համար»,- հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում։

«Շատ-շատերիս դպրոցական կրթությունը հենց դաշնակցական կրթություն է․ ոչ՝ անունով, իհարկե, բայց՝ բովանդակությամբ։ Այլ բան, որ շատերիս կյանքը, ապրված իրականությունն այդ կրթության դեմ է խոսել ու իր դասերը տվել մեզ։ ՀՅԴ-ն իր երևակայության մեջ պետությանը զուգահեռ, անգամ վերպետական կառույց է։ Նրանք դա անվանում են համազգային»,- նշել է նա՝ հավելելով, որ սրանից որոշ ՀՅԴ-ականների մոտ զգացողություն է առաջանում, թե իրենք հանուն մոգական «ազգայինի» կարող են շրջանցել սահմանադրությունը և ինչ-որ բյուրոյում կամ խորհրդում, առանց ժողովրդի քվեարկության, կայացնել որոշումներ աշխարհի հայերի անունից։

Ըստ Կարապետյանի՝ ՀՅԴ-ականները պնդում են՝ ոչ թե պետության, այլ իշխանությունների դեմ են պայքարում. «Բայց հաճախ, երևի իրենց համար էլ աննկատ, հենց պետության դեմ են պայքարում։ Սրա մեծագույն խորհրդանշական ապացույցներից մեկն էլ այն է, որ ՀՅԴ անդամները ԱԺ պատգամավոր ընտրվելիս ոչ թե ՀՀ ԱԺ պատգամավորի ելույթ ունեցան, այլ իրենց կուսակցական երդումը տվեցին»։

Ըստ Կարապետյանի՝ ՀՅԴ-ականներն այս հանրապետությունը չեն համարում այն, ինչ դարերով երազել են. «Չէ՞ որ այն իդեալական ու վերացական չէ, այլ շատ կոնկրետ։ Ուրեմն, այս հանրապետությունը ավետյաց երկիրը չէ։ Փաստորեն, ինչպես են առերեսվում ավանդական կառույցները անկախ պետականության հետ, երբ այդ կառույցներում ամեն բան խարսխված է անկախ պետականության բացակայության վրա։ Պատասխանը՝ ակամայից սկսում են պայքարել պետության դեմ»։

Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան շարժման ժամանակ ՀՅԴ-ն կողմ չի եղել ոչ այդ, ոչ էլ անկախության շարժմանը. «Այսօր էլ կողմ չեն, և դա երևում է հենց այդ արտահայտության մեջ՝ հավերժական Հայաստանը լինելու է, մի օր լինելու է։ Այդ բացականչողը չի ուզում նկատել, որ անկախ Հայաստան կա, և այն իր ինքնիշխանության ու ինստիտուտների ամրապնդման կարիքն ունի»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական