Քաղաքական

«Իրավիճակը երկրում շարունակում է մնալ վտանգաշատ ու մտահոգիչ». կաթողիկոս

«Իրավիճակը երկրում շարունակում է մնալ վտանգաշատ ու մտահոգիչ». կաթողիկոս

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու մտքին։ 

Ըստ ՀԱԵ առաջնորդի՝ խաղաղության պայմանագրի տեքստին դեռ ոչ ոք ծանոթ չէ, և այդ առումով կարծիք հայտնել չի կարող. «Մեզ համար կասկածից վեր է, որ մենք պաշտպանելու ենք Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ ապրելու իրավունքը»։

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք եկեղեցին շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գարեգին Բ-ն նշել է՝ իրենք հայրական հորդոր են հնչեցրել, և այդ հորդորը ժամանակով չի սահմանափակվում. «Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, խնդիրների հաղթահարմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել դրա հնչեցման։ Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը երկրում շարունակում է մնալ վտանգաշատ ու մտահոգիչ»։

Կաթողիկոսը մտահոգիչ է համարել ժողովրդի մեջ խորացող «անհամերաշխությունն ու անհանդուրժողության ոգին». «Այս ուղղությամբ մեծ աշխատանք ունենք կատարելու։ Մեր առջև ծառացած խնդիրները կարող են հաղթահարվել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբմամբ»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական