ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խաղաղության օրակարգին։ Նա նշել է, թե խաղաղությունը հնարավոր է, եթե միջազգային բոլոր հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29.800 կմ² տարածքը. «Ավելի կոնկրետ՝ Հայկական ՍՍՀ տարածքը, որի սահմաններում մենք 1991թ. անկախություն ենք ստացել։ Մենք ոչ մի երկրից որևէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք և չենք ունենալու երբևէ։ Եթե մենք այս միտքը չարձանագրենք ու չդարձնենք հանրության սոցիալական հոգեբանություն, ոչ ոք մեզ թույլ չի տալու զարգանալ, որովհետև ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ մենք զարգանում ենք, ուժեղանում և զարգացումն ու ուժն ուղղում ուրիշների դեմ՝ մեր երկրի տարածքներն ընդլայնելու համար։ Ավելին, տվյալ պարագայում ոչ թե մեր զարգացումը թույլ չտալն է լինելու ուրիշների օրակարգի խնդիր, այլև մեր պետության՝ առնվազն գոյությունը թույլ չտալն է դառնալու ուրիշների օրակարգի խնդիր, և այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնելու»։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ինքը ոչ թե տեսության մասին է խոսում, այլ իրականության, որը վերջին տարիներին կանգնած է Հայաստանի առաջ. «Վերջին տարիներին այս իրադրության մեծ կամ փոքր մասշտաբների արտահայտումը տեսել ենք մի քանի անգամ, և ուրեմն, մեր զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ ապրելը՝ երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով»։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ սա հնարավոր է անել, եթե նույն ռազմավարությունը որդեգրեն նաև մյուսները. «Մենք կարող ենք դա առաջինն անել, և սա է պատճառը, որ ես այս բարձր ամբիոնից բարձրաձայնում եմ այդ խնդիրն ու արձանագրում այս մոտեցումը»։