Քաղաքական

«Իմ անկեղծ մղումն է՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իմ անկեղծ մղումն է՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ադրբեջանի հետ հարաբերություններում ամեն ինչ շատ բարդ է». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում։

Նրա խոսքով՝ 2020թ․ աշնանային պատերազմից հետո Ադրբեջանն էյֆորիայի մեջ է և մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ ամեն ինչ. «Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դառնում կամ դարձել է էներգետիկ և լոգիստիկ խաչմերուկ, և նրա կարևորությունը թե՛ ՌԴ-ի, թե՛ արևմտյան որոշ երկրների համար մեծացել է։ Բայց այս իրավիճակը և՛ ռիսկեր ունի, և՛ հնարավորություններ»,- ասել է նա՝ հավելելով, որ ռիսկեր տեսնում են գրեթե ամեն օր․ «Հնարավորությունը, թերևս, այն է, որ հարավային Կովկասն, ինքնին, մի մեծ խաչմերուկ է, և դրանում ոչ պակաս կարևոր է Հայաստանի ու Վրաստանի դերը, և այս համատեքստում տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի և ՌԴ-ի միջև։ Եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է պրոբլեմ դառնալ թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի համար»,- նշել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ խաղաղությունը կախված է նաև Հայաստանից. «Իմ անկեղծ մղումն է՝ ամեն հնարավորն անել՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Արդյո՞ք հնարավոր է նման զարգացում։ Կարծում եմ՝ իսկապես հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է առերեսվել մի շարք խնդիրների հետ»։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և պարտավորվեն՝ այդուհետ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել։ Փաշինյանը հիշեցրել է, որ այս մասին Ալիևի հետ պայմանավորվել են 2022թ. հոկտեմբերին՝ Պրահայում և Սոչիում. «Այսուհանդերձ, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ։ Ես հիմա ուզում եմ վերահաստատել՝ Հայաստանը լիարժեք ճանաչում է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ՍՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես ՀՀ»։

Փաշինյանը հերքեց ադրբեջանական պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցություններում Հայաստանը հրաժարվել կամ հրաժարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը լրիվությամբ ճանաչելուց. «Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ՍՍՀ-ների՝ ՍՍՀՄ կողմից պատրաստված, հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»։

Ըստ Փաշինյանի՝ այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ ԼՂ-ին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական