ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենց խմբակցության նախկին պատգամավորներից մեկը ձայնագրել է իր խոսքը, այնուհետ հանձնել Սերժ Սարգսյանին․ «Ընտրություններից առաջ, հիշո՞ւմ եք, Սերժ Սարգսյանը իմ մասնակցությամբ մի ձայնագրություն հրապարակեց, ու ոչ ոք չանդրադարձավ այն հարցին, թե ով է ձայնագրել դա ու ոնց։
Կարո՞ղ է այդ մարդը մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ ուրիշ խմբակցության անդամ է։ Հիմա էլ գալիս, մեծ-մեծ բաներից են խոսում, բարոյականությունից։ Հասկանո՞ւմ եք՝ այդ մարդը եկել, մեր ցուցակով դարձել է պատգամավոր, եթե չասեմ՝ ականջից բռնել ենք, դարձրել պատգամավոր։ Նա կյանքում կարա՞ր պատգամավոր դառնար։ Եկել է հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել է, Սերժ Սարգսյանին է տվել ու այսօր հոխորտում է, գետինն էլ չի մտնում։ Կողքից էլ չեն ասում՝ դու ո՞վ ես։ Բարոյական կերպարը նայեք մի հատ»,- ասաց նա՝ հավելելով,- «Չե՞ք զգում, դրսերում հոխորտացողները նիստերի դահլիճում չեն երևում, ընդհանրապես չեն երևում։ Էդ մարդկանց ես չեմ տեսել»։
Փաշինյանը պնդեց, որ այդ ձայնագրությունն իրենց դեմ էր ներկայացվել, բայց իրականում օգնեց բացահայտել «ճշմարտության ևս մի կտոր». «Չնայած կարող ա կարծիք լինի, որ մեր ուղարկած մարդն է՝ ընդդիմության շարքերը քայքայելու համար»։