Քաղաքական

Կարևոր է Բաքվի ու Ստեփանակերտի միջև բանակցությունների, երկխոսության միջազգային մեխանիզմների ձևավորումը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարին։ Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտության ողջ ընթացքում տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները դրվել են կողք-կողքի. «Սրանով արձանագրվել են իրողություններ, որոնք մենք չենք խոստովանել, բայց, անկախ մեր խոստովանությունից, դրանք գոյություն ունեն։ Այս համատեքստում, ինքնորոշման իրավունք՝ նշանակում է այն, որ ինքնորոշման իրավունքի շահառուի՝ պայմանականորեն Ա կարգավիճակը վերանայելու հարց ես դնում, և դա տեսականորեն կարող է նշանակել Ա կարգավիճակը վերանայել, դարձնել Բ, կամ վերանայել և չփոխել, կամ վերանայել և դարձնել Ա+1 կամ Ա-1 կարգավիճակ»։

Փաշինյանի խոսքով՝ առանց կարգավիճակը ֆիքսելու՝ ապագա որևէ կարգավիճակի՝ ինքնորոշման մասին, խոսք լինել չի կարող. «Եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, նշանակում է՝ ինչ-որ բանի մաս ես, եթե ինչ-որ մի բանի մաս չես, կամ ինքնորոշվել ես, կամ ինքնորոշման կարիքը չունես։ Հիմա մենք՝ ինքներս, սեփական ձեռքերով, ձեզ հայտնի ժամանակ (չեմ ասի՝ երբ, ոնց, որ լրացուցիչ կրքեր չբորբոքեմ) բանակցային, քաղաքական, աշխարհաքաղաքական այս իրողությունը ստեղծել, նաև ցեմենտել ենք, բայց դրանից հետո ասել ենք, որ ԼՂ համար ցանկանում ենք Բ կարգավիճակ, բայց այդպես էլ երբեք հրապարակային չենք ընդունել Ա կարգավիճակը՝ սրանով խաբելով ինքներս մեզ, Հայաստանի ու ԼՂ ժողովրդին։ Բայց էլի ուզում եմ ուշադրություն դարձնել հետևյալի վրա․ այս ակնհայտ փաստի, իրողության հետ եթե չառերեսվենք, երբեք խաղաղություն չենք ունենա։ Խաղաղությունը համարում եմ իմ քաղաքական հանձնառությունը, առանձնապես հիմա՝ 2021թ. խորհրդարանական ընտրություններում ժողովրդի վստահության քվեի վերահաստատումից հետո։ Եվ, այս համատեքստում, չափազանց կարևոր , որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև բանակցությունների, երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորվի և այն ապահովի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման օրակարգի իրացումը»։

Նա ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի համատեքստում կարևորել է պայմանագրի իրագործման երաշխավորող մեխանիզմների ձևավորումը, «այլապես հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ»։