ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը ինքնիշխան պետության պատմագրության դպրոց ստեղծելու հարցում չունի մեծ հաջողություններ, և պատմագիտական բովանդակության զգալի հատվածը սահմանափակված է խորհրդային պատմագիտության կաղապարում, «որն, ինչ-որ առումով, համահունչ է հայկական անկախ պետության չգոյությանը և, անգամ, հակոտնյա ինքնիշխանության հայեցակարգին»։
Ըստ Փաշինյանի՝ խոսքը ոչ թե պատմական սխալ փաստերի մասին է, այլ այդ փաստերին նայելու դիտանկյունի, դրանցից բխող եզրակացությունների ու հետևությունների մասին։ Վարչապետն օրինակ բերեց հայերի հայրենասիրության մոդելի խնդիրը. «Հայաստանն ու հայկական պետականությունը հայրենասիրության մեր ավանդական մոդելի առաջնային օբյեկտ չեն եղել երբեք, և սոցիալ-հոգեբանական մակարդակում այս իրավիճակը պահպանվում է նաև այսօր։ Դրա պատճառը մեկն է՝ հայրենասիրության այդ մոդելի հեղինակը մենք չենք, և սա ժամանակն է խոստովանելու։ Մենք առավելագույնը համահեղինակ ենք, իսկ առավել մեծ հավանականությամբ՝ սպառող։ Եվ ուրեմն, այն, ինչ ասացի, իրական հայրենասիրության մեր սեփական, մեր պետական մոդելի ստեղծման անհրաժեշտության օրակարգին է վերաբերում, և ես արձանագրում եմ, որ օրակարգում նման հարց կա, որի լուծումը կենսական անհրաժեշտություն է, ազգային անվտանգության հարց»։