Քաղաքական

«Գործընթացը պիտի պայմանավորել ադրբեջանական զորքերի՝ ելման կետեր վերադարձով». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- ԵԱՀԿ գործող նախագահն այցելեց տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան։ Այս այցը ի՞նչ նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանը կայունացնելու համատեքստում՝ հաշվի առնելով նաև ադրբեջանական վերջին ռազմական սադրանքը։

- ԵԱՀԿ գործող նախագահի այցը արագ հայացքով երեք կետ է ամփոփում։ Նախ, նկատենք, որ տարածաշրջանային այց է՝ Թբիլիսի-Բաքու-Երևան հաջորդականությամբ։ Հաջորդականությունը քաղաքական նշանակություն ունի։ Այս դեպքում, նախ Բաքվի հետ է քննարկել հակամարտության վերջին իրադարձությունները, ապա այդ քննարկումների արդյունքների շուրջ խորհրդակցության է գնացել Երևանի ներկայացուցիչների հետ։ Երկրորդը՝ հաստատվել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն սառեցվել է և չի լուծարվել, ինչպես նաև ասվել է, որ ԵԱՀԿ-ն, բացի Մինսկի խմբից, ունի այլ գործիքակազմեր՝ կայունություն և խաղաղություն հաստատելու գործընթացին ներգրավված մնալու առումով։ Սա, կարծում եմ, կարևոր է, որ եթե չեն ուզում Մինսկի խմբում համատեղ աշխատել ՌԴ-ի հետ, ապա կդիմեն այլ քայլերի և գործիքների, որպեսզի ներգրավված մնան գործընթացում և տարածաշրջանում։ Բայց այստեղ կա կարևորագույն երանգ։ ԵԱՀԿ Մինսկի խումբը լիազորվել էր արցախյան հակամարտության միջնորդական առաքելություն իրականացնել․ հիմա օրակարգն ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության մասին է, դրա համար էլ այլ գործիքակազմերից և ձևաչափերից են խոսում։ Այս պարունակում էլ խոսվել է սահմանին ԶՈւ-ն սահմանապահներով փոխարինելու առաջադրանքի մասին և մեջբերվել Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը խաղաղության հաստատման ուղղությամբ։ Չմոռանանք, որ ԵԱՀԿ գործող նախագահը Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարարն է։ Սահմանապահ առաքելությունը կարող է իրականացվել այլ երկրի հետ համաձայնությամբ և առաքելությամբ։ Այստեղ անուղղակի ենթատեքստային նշում կա։ ԵԱՀԿ-ն կարող է մաս կազմել սահմանապահ ուժերի առաքելությանը։

- Առհասարակ, տարածաշրջանը կայունացնելու, հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից ԵԱՀԿ-ն ի՞նչ անելիք ունի, եթե հաշվի առնենք ԵԱՀԿ անդամ երկրների տարաձայնությունները։

- Միջնորդական կամ երաշխավորության հակամարտությունը շարունակվում է։ ԵԱՀԿ-ն փորձում է այլընտրանքային սահմանապահություն առաջադրել ՌԴ-ին։ Չեմ կարծում, որ այս պայմաններում միջնորդական խաղը կգնա միակողմանի։ Ուժերի միջև աշխարհաքաղաքական մրցակցություն է, և մինչ այժմ ստատուս-քվոյի խախտման նախադրյալներ չեն արձանագրվել։ Կարծում եմ՝ մրցակցային դրույթը շարունակվելու է։ 

- Պնդում կա, որ Ադրբեջանը, Հայաստանին սադրանքների մեջ ներքաշելով, փորձում է զոհի դեր ընդունել Արևմուտքի աչքին։ Ձեր կարծիքով՝ ԵՄ դիտորդները պատշա՞ճ կարձանագրեն կատարվածը, և ի՞նչ է հաջորդելու արձանագրումից հետո։

- ԵՄ-ը, ԵՄ-ի կապված այլ կառույցներ և ԵՄ-ի անդամ երկրները, հատկապես՝ Ֆրանսիան, հասցեական  հայտարարություններ են արել, պահանջներ են ներկայացրել։ Ավելին, միջազգային դատարանը վճիռ է կայացրել, սակայն Ադրբեջանը շարունակում է միջանցքը փակ պահել, ներխուժել և կրակել։ Երբ ԵՄ-ն սկսի պատժամիջոցային քաղաքականություն կիրառել Բաքվի դեմ, այնուհետ կսկսվեն ճնշումները զգալի լինել Ադրբեջանի վրա։ Այլապես, դիրքորոշումները մնում են դեկլարատիվ բնույթի, որնցից Բաքուն գործնականում չի ազդվի։ 

- Վերջին սադրանքը հաշվի առնելով՝ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության տեղակայումը որքանո՞վ է անհրաժեշտ Հայաստանին, և ինչպես պետք է դիրքավորվի հայկական կողմը։

- Խաղաղապահ, սահմանապահ առաքելություն անհրաժեշտ է, այլապես տարածքային ներթափանցումները շարունակվելու են։ Դա ճնշում է՝ իրականացնելու համար սահանազատումն ու սահմանագծումը, և կարծում եմ՝ այս բոլորը սահմանազատման գործընթացը արագացնելու ճնշումներ են։ ՀԱՊԿ-ի առաջարկը փաթեթային է ընկալվում այս առումով։ Զորքերի՝ ոչ թե հայելային հետքաշման մասին է խոսքը, այլ միակողմանի․ Ադրբեջանն է ներխուժել հայաստանյան տարածք, և գործընթացը պիտի պայմանավորել ադրբեջանական զորքերի՝ ելման կետեր վերադարձով, դրանից հետո ճշտել խաղաղապահների տեղակայման տարածքները, ինչը փոխշաղկապված է սահմանազատման և սահմանագծման գործընթացներին։ 

Հայկ Մագոյան