ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ օրերս ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողը ծառայակցի հետ փախել է զորամասից՝ համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով. «Ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետև գիտեք, որ, ըստ մեր՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների, եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի կերպով չենք կարող նրան վերադարձնել»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց ունեցած տվյալներով երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած հայտարարել է, թե փոշմանել է և ուզում է վերադառնալ։
Վարչապետը նշեց, որ առանձին քննվելու հարց է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողներն անարգել հայտնվել հայկական կողմում։