ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե երեկվա ռազմական սադրանքի պահին Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները տեղում չեն եղել, սակայն իրենց դիտարկումներն արել են։
«Անշուշտ, երեկ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը: Այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց՝ ընթացող ագրեսիվ գործողությունների, փոխհրաձգության վերաբերյալ: Նրանք նաև նշել են, որ իրենք այդ պահին տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են, իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում՝ ոչ հրապարակային»,-ասել Միրզոյանը՝ հավելելով, որ հայկական կողմն առայժմ տեղեկություն չունի, թե ինչպիսին է այդ զեկույցը: