ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն, անդրադառնալով ՌԴ հայկական կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու որոշմանը, ասաց, որ եթե թարգմանենք «Ռոսսելխոզնադզորի» դիմումը, կնշանակի՝ «մեր երեխաները չեն ուտելու արտադրված անորակ կաթնամթերքը»։
Արսենյանը հայտարարեց, որ այդ ընկերությունները շարունակում են արտադրել այդ կաթնամթերքը՝ օգտագործելով այդ նույն հումքային բազան և այդ անորակ նյութերը, և այդ կաթնամթերքը գտնվում է հայկական շուկայում. «Հիմա ո՞ւմ երեխաները պետք է ուտեն այդ անորակ կաթնամթերքը»։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ հարցը պարբերաբար քննարկվում է սննդի անվտանգության տեսչական մարմնում, նաև՝ ընդունվել է սննդամթերքի անվտանգության ռազմավարություն. «Կտրուկ խստացնելու ենք վերահսկողությունը սննդի վերահսկողության ողջ արժեշղթայի նկատմամբ։ Այսօր ընկերություններն ունեն պարտավորություն՝ համապատասխանեցնել արտադրությունը և իրացումը ԵԱՏՄ ստանդարտներին»։
«Ռոսսելխոզնադզորի» որոշումը նախարարը համարեց առևտրային բարյեր և նշեց, որ ռուս գործընկերների հետ քննարկում են հարցի լուծումը։
Միաժամանակ, Քերոբյանը վստահեցրեց, որ ՀՀ-ում անորակ կաթնամթերք չի մատուցվում։