ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարել է, թե կոռուպցիան այն երևույթներից է, որը որևէ երկրում արմատախիլ արված չէ:
Ըստ նրա, կան բազմաթիվ հասարակություններ, պետություններ, որտեղ այդ երևույթը չի հանդուրժվում. «Դժբախտաբար, մեր հասարակությունը, ըստ էության, այդ երևույթը մի կողմից դատապարտում է, մյուս կողմից դեռ հանդուրժողական վերաբերմունք կա: Դա կապված է ոչ միայն կրթության հետ, այլ նաև շատ այլ պատճառներ կան, որոնք ժամանակի ընթացքում, համոզված եմ, կլուծվեն»,- ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ ոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փրկարար փայտիկ չէ, որով կոռուպցիան պիտի արմատախիլ արվի։
«Կոռուպցիայի կանխարգելման պրոցեսում մեծ դերակատարում ունի ոչ միայն հանձնաժողովը, այլ նաև բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն չափով ընդգրկված են կառավարման համակարգում, կլինի՝ օրենսդիր իշխանություն, դատական իշխանություն, ՏԻՄ մարմիններ: Եթե այս ոլորտներում ընդգրկված մարդիկ չգայթակղվեն ու կոռուպցիայով չզբաղվեն, ինչ-որ չափով կոռուպցիան արմատախիլ կարվի»,- ասել է նա՝ հավելելով,- «Կոռուպցիան դեռևս Հայաստանում կրում է համատարած բնույթ, բայց, ինչպես ասում են, «ձուկը փտում է գլխից», և մենք պիտի շատ պահանջկոտ լինենք միմյանց և բոլոր այն կադրերի նկատմամբ, որոնք կառավարման համակարգում են հայտնվում»։
Խաչատրյանը խոսել է նաև նախկին իշխանությունների օրոք կոռուպցիայի մասին. «Այն այլանդակությունը, որը կար Հայաստանում, և որի պատճառով նախորդ իշխանությունները քշվեցին իշխանությունից, պատճառը այդ համակարգված կոռուպցիան էր նաև»:
Նա խոսել է նաև քաղաքական կոռուպցիայի մասին, շեշտելով, որ Հայաստանում կան արտաքին ֆինանսավորմամբ կուսակցություններ՚