«Որպես կանոն, եթե տեղում բանակցություններ են ընթանում, դա լինում է հրամանատարների միջոցով՝ ներքին պայմանավորվածությունների հիման վրա»,- բացատրել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև բանակցությունների ու դրանց մեխանիզմների մասին հարցին. «Որևէ կերպ հնարավոր չէ կանոնակարգել, թե որ պահին կարող է բանակցելու անհրաժեշտություն առաջանալ, որովհետև բանակցությունը լայն հասկացություն է, և փոքր հարցի շուրջ անգամ պայմանավորվածությունը բանակցության ձև է, հնարավորություն։ Տեղում, որպես կանոն, լինում են սպաներ, որոնք դժվար իրավիճակներում օպերատիվ լուծումներ են գտնում, շատ հաճախ՝ իրենց հրամանատարների հետ ճշգրտելուց հետո»։
Ըստ փոխնախարարի՝ տեղային վեճերը, որ ծագում են քարտեզների և այլնի պատճառով, լուծվում են բանակցության, պայմանավորվածությունների միջոցով. «Իրավիճակ կարող է լինել տեղում, որ հրամանատարն անմիջապես արձագանքի և չթողնի, որ խնդիրը վերածվի մեծ բախման»։
Սարգսյանը նշել է, որ երեկվա միջադեպը տեղի չի ունեցել բանակցությունների բացակայության պատճառով. «Ադրբեջանցիների կողմից տեղի է ունեցել սադրանք, որն ակնհայտ երևում է մեր տարածած տեսագրությամբ։ Մոտենում են, սադրում ու կրակ արձակում»։
Ըստ նրա՝ ինժեներական աշխատանքներ իրականացնողների շրջանում եկել են մարդիկ, որոնք էլ սադրել են։