Քաղաքական

Դատախազությունը՝ Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին

Դատախազությունը՝ Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի ապրիլի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր:

Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: 

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ն, ԱԺ վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11։15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) նախագահ Վ.Վ.-ին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Մասնավորապես՝ Մ.Ս.-ն ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Հանձնաժողովի նախագահին, փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վ.Վ.-ի միջև նստած պատգամավոր Ա.Ղ.-ին, մոտեցել Հանձնաժողովի նախագահին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով Հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով:

Երևան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով  (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը):

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական