Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցեն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրի քննարկմանը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Ազգային ժողով է ներկայացրել միջնորդագիրը, և խորհրդարանն առաջիկա նիստում կքննարկի այն։
Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ասաց, որ խմբակցությունը մասնակցելու է հարցի քննարկմանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարցը վերաբերվում է «Հայաստան» խմբակցության անդամին, իրենց մոտեցումները ձևավորվում են՝ գործընկեր խմբակցության դիրքորոշումից ելնելով․ «Ավելի հստակ կարձագանքեմ, երբ գործընկեր խմբակցությունն այդ հարցով իր դիրքորոշումն արտահայտի` մասնակցելու՞ է, թե՞ ոչ»:
Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ պատգամավորներ Մհեր Սահակյանն ու Վլադիմիր Վարդանյանը վիճաբանել էին, որի ժամանակ Սահակյանը հարվածել էր Վարդանյանին՝ հասցնելով մարմնական վնասվածք։
Հայկ Մագոյան