Հայտնի է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ պատգամավորներ Մհեր Սահակյանի ու Վլադիմիր Վարդանյանի վիճաբանության պատճառը։
Ինչպես Radar Armenia-ն տեղեկացավ պատգամավորների ցուցմունքներից, քննարկումը վիճաբանության է վերածվել այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական քարտուղար Արծվիկ Մինասյանը Հայաստանի «կորսված հողերի» մասին հարցեր է հնչեցրել։ Այդ ժամանակ վիճաբանություն է սկսվել Արծվիկ Մինասյանի, ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ու Արփի Դավոյանի միջև։ Իշխանական պատգամավորներն էլ ՀՅԴ-ականներին հիշեցրել են նրանց «անցյալը», մասնավորապես, որ «Արարատ լեռը թողել են թուրքերին»։
Վլադիմիր Վարդանյանը միջամտել է, դիտողություն արել, որ դադարեցնեն թեմայի հետ կապ չունեցող բանավեճը։ Այդ ժամանակ էլ Մհեր Սահակյանն ասել է, որ իրենց վրա չգոռա, կանգնել է, բղավելով ձեռքը պարզել Վլադիմիր Վարդանյանի ուղղությամբ, կրկնել իր պահանջն ու, այնուհետ, մոտենալով Վարդանյանին՝ հարվածել։