Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության հնարավոր տեղակայման ժամկետները կախված են Երևանից։ Հայաստանն այս հարցում ի՞նչ դիրքորոշում պետք է հայտնի։
- Նախ նշենք, որ Մոսկվայից հնչած հայտարարություններում նկատվում է ոճի և բովանդակության փոփոխություն։ Քննադատական բաժինը տեղի է տվել, և հռետորաբանությունը շեշտում է գործընկերության առանցքները։ Կոնկրետ այս հայտարարությունը որոշ հստակեցումների կարիք ունի։ Եթե դա պիտի պայմանավորվի Ադրբեջանի ներխուժած տարածքներով, այսինքն, ադրբեջանական զորքերը պիտի վերադառնան ելման կետեր, և այնտեղ պիտի տեղակայվեն ՀԱՊԿ-ի զորքեր, դա հասկանալի է։ Նման գործողությունը ներառած կլինի նաև ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականը Ադրբեջանի ներխուժմանը։ Կարծում եմ՝ խնդիրը սերտորեն կապված է սահմանազատման-սահմանագծման գործընթացի հետ։ Մեծ հաշվով՝ Մոսկվան գործնական քայլերով կանխարգելում է միջազգային այլ կենտրոնների ներգրավումը խաղաղապահ առաքելություն կամ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու հարցում։
- Ձեր կարծիքով՝ ՀԱՊԿ առաքելության ներկայությունը կզսպի՞ Ադրբեջանին։
- Այստեղ առաջադրանքը՝ զորքեր տեղակայելու առումով, միայն հայաստանյան հատվածին է վերաբերում, և դա գուցե կարելի կլինի ՀԱՊԿ-ի ներքին կանոնադրության շրջանակներում համաձայնեցնել։ Միջանկյալ տարածքի, ապառազմականացված գոտու վրա խաղաղապահ առաքելություն իրականացնելը կողմերի համաձայնություն է ենթադրում։ Իսկ նման համաձայնություն անպայման պետք է լինի Անկարայի հետ․ ի դեպ, Մոսկվա- Անկարա հարաբերություններում նկատվում են ելևէջներ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Միջին Արևելքում։ Չմոռանանք, որ տարածաշրջանում գնում է երաշխավորների և միջնորդների ազդեցության հակամարտություն, և գործընթացները միակողմանի չեն կարող որոշվել։
- ՀԱՊԿ առաքելության տեղակայումը ԵՄ դիտորդների՝ արդեն տեղակայման պայմաններում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ։ Արդյո՞ք սա ավելի չի մեծացնի ՌԴ-Արևմուտքի լարվածությունը։
- Այո, չի բացառվում։ Բայց նաև պարզ է, որ նման տարողություն ունեցող խնդիրներ չեն կարող միակողմանի որոշվել։ Գործընթացներում ակտիվ ներգրավվել են գլխավոր խաղացողներ։ Նկատի պետք է ունենալ, որ Թուրքիայի՝ ԱՄՆ-ից կախվածությունը խորանում է, հատկապես երկրաշարժից հետո։ Կարծում եմ՝ պարանաձգումը շարունակվելու է։
- Այս փուլում Սերգեյ Լավրովի՝ Թուրքիա կատարած այցը ի՞նչ նշանակություն ունի, և ի՞նչ կարող է փոխվել տարածաշրջանում։
- Ճիշտ դրա համար էլ Լավրովը գնացել էր Անկարա՝ հարաբերությունները վերաամրագրելու։ Վաշինգտոնը Անկարայի դիրքափոխումով կարող է փոխել տարածաշրջանում խաղի կանոնները։
Հայկ Մագոյան