Քաղաքական

Գնել Սանոսյանը այցելել է Լարսի անցակետ. քննարկվել են բեռնատարների անցումը դյուրինացնելու հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։ 

Նախարարը, պատվիրակության անդամները  ծանոթացել են մաքսային գործընթացների իրականացմանը, անցակետի  տեխնիկական հնարավորություններին, թողունակությանը։
Նախարարը տեղում ծանոթացել է անցակետի հնարավորությունների ընդլայնման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքներին։

Նախարար Սանոսյանը հանդիպում է ունեցել նաև այդ պահին անցակետի տարածքում գտնվող հայ վարորդների հետ, քննարկել առկա խնդիրները։ Արձանագրվել է, որ Կազբեկի թունելի կառուցումը կնպաստի երթևեկության բարելավմանը  և բեռնափոխադրումների իրականացմանը, իսկ անցակետի թողունակության ընդլայնումը կնպաստի մաքսային գործառնությունների արդյունավետ և արագ իրականացմանը։

Քննարկվել են բեռնատարների անցման գործընթացը դյուրինացնելու հետ կապված հարցերը, առկա խնդիրները, լուծման ուղիները։