Քաղաքական

Ռուբինյանն արժևորել է ԵՄ դիտորդական առաքելության դերակատարությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ: Հայ-խորվաթական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ԱԺ փոխնախագահը կարևորել է բարեկամական խմբերի փոխայցերը, արդյունավետ փոխգործակցությունը:

Զրուցակիցներն արժևորել են միջազգային հարթակներում ակտիվ համագործակցությունը: Խորվաթ խորհրդարանականների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, ինչպես նաեւ իրադրությունը տարածաշրջանում:

Խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցությունից` ԱԺ փոխնախագահն արժևորել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն ընդգծել են երկկողմ կապերի աշխուժացման անհրաժեշտությունը, կարևորել տարածաշրջանում խաղաղության հաստատումը: