Քաղաքական

ՌԴ-ն բավարարվել է ադրբեջանական ագրեսիաների վերաբերյալ միայն հայտարարություններ տարածելով

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը, քանիցս խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունը, դիրքային առաջխաղացում են ունեցել Արցախում, որը, սակայն, չի կանխվել Ռուսաստանի կողմից։ Միաժամանակ, ռուսական կողմը հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Եվ, որպես կանոն, հաղորդագրություն տարածվելուց հետո թեման փակվել է։ Նույն բանը կարելի է ասել Հայաստանի պարագայում, երբ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, օկուպացրել, և կրկին հարցը լուծում չի ստացել։ 

Radar Armenia-ն ներկայացնում է այդօրինակ դեպքերի ժամանակագրությունը։

Եվ այսպես, ամենաթարմ նման դեպքը տեղի ունեցավ 2023թ. մարտի 29-ին, երբ Ադրբեջանը հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, փակել Գորիս-Ստեփանակերտ մայրուղին Աղավնո և Տեղ գյուղերի արանքում և 20/54 բարձունքից ուղիղ դիտարկման տակ վերցրել Ստեփանակերտը, Հին շեն, Մեծ շեն և մի քանի այլ գյուղեր կապող գրունտային ճանապարհը։ Ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն՝ պաշտոնական հաղորդագրությամբ։

Նմանօրինակ մի դեպք էլ տեղի էր ունեցել 2023թ. մարտի 25-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտեցին եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովեցին ԼՂ տարածքում: ՌԴ խաղաղապահ զորախումբը հաստատեց, որ ադրբեջանական զինուժը խախտել է Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և առաջխաղացում ապահովել Շուշի-Լիսագոր հատվածում։ Ադրբեջանական կողմի դիրքային առաջխաղացումից հետո ամբողջությամբ փակվեց Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը, որն, ըստ Արցախի, օգտագործվում էր Ստեփանակերտի և Շուշիի շրջանի չորս բնակավայրերի միջև քաղաքացիական հրատապ հաղորդակցության համար․ «ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ադրբեջանական ստորաբաժանումը ետ քաշվի սկզբնական դիրքեր»,- հայտարարեց ՌԴ ՊՆ- ն։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը և հումանիտար ճգնաժամ ստեղծել Արցախի 120 հազար բնակիչների համար։ Ռուսական կողմը, թեև հրապարակավ բարձրացրել է Լաչինի միջանցքն անհապաղ բացելու անհրաժեշտությունը, ըստ էության արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարության 6-րդ կետով նախատեսված պարտավորությունը։ Բայց փաստ է, որ Ռուսաստանը, որպես եռակողմ հայտարարության կատարող կողմ, նույնպես չի կատարում իր գործառույթը և հայտարարություններով ու կոչերով է միայն հանդես գալիս։

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի զինված ուժերը կրկին անգամ ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք և օկուպացրին Հայաստանի որոշ տարածքներ։ Ավելին, թեև միջազգային հանրությունը հասցեական դատապարտեց Ադրբեջանի այդ քայլը, բայց մինչ այս պահը ադրբեջանական կողմը դուրս չի բերել զորքերը ՀՀ տարածքներից։ Սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ կառավարությունը պաշտոնապես դիմեց Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, բայց Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական դեռ չեն հնչեցրել։

2022 թվականի մարտի 24-26 -ը ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները խախտեցին շփման գիծը և առաջխաղացում ունեցան։ Մարտի 27–ին ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը ետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ լուրը։ Իսկ արդեն մարտի 29-ին հայտարարություն տարածվեց, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հայտարարեց, որ ԼՂ զինված ուժերի և ռուս խաղաղապահների միջոցով, ինչպես նաև դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով, շարունակվում են ջանքեր գործադրվել խաղաղություն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար: 

2021 թվականի նոյեմբերի 10-ին Գորիս Կապան ճանապարհին ադրբեջանական և հայկական կողմերը անցակետեր տեղադրեցին։ Այս քայլով Ադրբեջանը մաքսային ու անձնագրային հսկողություն էր իրականացնելու նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Իսկ նոյեմբերի 15-ին նույնանման անցակետ տեղադրվեց Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վիճահարույց հատվածում։ Սրան հաջորդեց անվտանգության խորհրդի հաղորդագրությունը, որում ասվում էր, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները, դեռևս ՍՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն, Հայաստանի տարածքում չեն գտնվում:

2021 թվականի օգոստոսի 25-ին, ադրբեջանական կողմը փակեց Կապանի Դավիթ Բեկ գյուղի մոտի (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը։ Ավելի ուշ ադրբեջանցիները փակեցին նաև Սյունիքի Գորիս քաղաքից Որոտան տանող ճանապարհը։ Օգոստոսի 26-ին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման շուրջ եռակողմ բանակցությունները հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի միջև շարունակվում են:  Ճանապարհը բացվեց ռուս խաղաղապահների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների արդյունքում, բայց Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելի ուշ՝ սեպտեմբերին, Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանակետ տեղադրվեց։

2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատեցին Հայաստանի պետական սահմանը և խորացան մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Իսկ մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը կրկին, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն իրականացրին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ կայացավ։ Բաjց հակառակորդը հեռանալու մտադրություն դեռ չունի, թեև այս հարցով Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

2020 թվականի դեկտեմբերի 13-ին ադրբեջանցիները կանգնեցին ԼՂ Շուշիի շրջանի Մեծ Շեն-Հին Շեն գյուղերը կապող միակ ճանապարհի վրա՝ հայտարարելով, որ այդտեղ կանգնելու հրաման ունեն։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 11-ին, օգտվելով այն փաստից, որ ԼՂ տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ ձեռնարկեցին արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում։ Ադրբեջանը, խախտելով հրադադարի ռեժիմը, գրավել էր Հին Թաղեր գյուղը ու մասամբ մտել նաև Խծաբերդ։ Իսկ դեկտեմբերի 15 -ին Ռուսաստանի հրապարակած՝ խաղաղապահների վերահսկողության նոր քարտեզում Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը հայկական վերահսկողությունից դուրս էին նշվել։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է մնային հրադադարի պահին արձանագրված դիրքերում։ Սակայն 2020 թվականի դեկտեմբերի 13-ի՝ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին պետք է որոշվեն Զանգելանի և Կուբաթլուի շրջանների սահմանները, որի պատճառով կարող է լարվածություն առաջանալ։ Դեկտեմբերի 17-ին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ Սյունիքի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու տարածքի մեջ, և այն հանձնվելու է Ադրբեջանին։ Նա հավելել էր, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածներում, որոնք անցնում են ադրբեջանական կողմին, հերթապահելու են ռուս և հայ սահմանապահները: Ըստ այդմ, հայկական կողմը նահանջեց, բայց ռուս զորակազմի փոխարեն այդ տարածքներում հաստատվեց Ադրբեջանի ԶՈւ-ն, ինչպես տեղի էր ունեցել նաև 2022թ. սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, մասնավորապես՝ Ներքին Հանդի ուղղությամբ։

Հայկ Մագոյան