Քաղաքական

Լկտի սուտ է․ ձեռք ենք բերել S300-ներ, հեռահար հրթիռներ, մեծ տրամաչափի զինամթերք և «Իսկանդեր»․ Սերժ Սարգսյան

Լկտի սուտ է, լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսպես է պատասխանել հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018-2020թթ․ Հայաստանն ավելի շատ է զենք ձեռք բերել, քան նախորդ 10 տարիների ընթացքում։ 

«Առանց շատ բան բացահայտելու ասեմ հետևյալը․ իրենց նշած տարիներին մենք մարտական պատրաստվածության վրա ավելի շատ զինամթերք ենք օգտագործել, քան իրենք ձեռք են բերել այդ երկու տարիների ընթացքում։ Այդ տարիներին միակն էինք տարածաշրջանում, որ ունեինք S300 դիվիզիոններ։ Ունեինք մեծ հեռահարության հրթիռներ, ձեռք ենք բերել 100-ից ավել ծանր զրահատեխնիկա, հարյուրավոր ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցներ, տասնյակ հազարավոր մեծ տրամաչափի զինամթերքներ, 100 մլն-ից ավել միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել։ Էլ չեմ խոսում «Իսկանդերի» և այլ հզոր զենքերի մասին։ Իսկ իրենք ի՞նչ են ձեռք բերել՝ 3 ինքնաթիռ, որոնք այպես էլ որևէ օգուտ չտվեցին և մի քանի տասնյակ հին, արժեքը կորցրած «Оса-АК»-նե՞ր, ուրիշ ի՞նչ են ձեռք բերել։ Վերացական բաներ ասելու փոխարեն կարելի էր ասել՝ իրենք այսքան են ձեռք բերել, մենք՝ այսքան»,- ասել է Սարգսյանը։ 

Նա հավելել է, որ 2018-2020թթ․ տարեկան կտրվածքով ավելի շատ գումարներ են հատկացվել պաշտպանությանը։

«Բայց արդյո՞ք այդ գումարները նպատակային են օգտագործվել, թե՞ մսխվել են։ Այո՛, հատկապես տարիներ առաջ փոքր հնարավորություններ ունեինք զուտ գնումներ կատարելու, սակայն ունեինք մեծ հնարավորություններ և դրանք օգագործել ենք ռազմատեխնիկական աջակցություն ստանալու նպատակով»,- ասել է Սերժ Սարգսյանը։ 

Անդրադառնալով 5-րդ շարասյանը, նա նշել է, որ իր նախագահության օրոք 5-րդ շարասյուն չեն ունեցել։