Քաղաքական

«Հայաստանը չի ցանկանում Մոսկվայի հետ այրել կամուրջները». Դավիթ Ստեփանյան

Radar Armenia-ի զրուցակիցը  քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։

- Երեկ ասուլիսում ՀՀ վարչապետն, անդրադառնալով անվտանգության հարցերին, նշեց, որ թե հայ-ադրբեջանական սահմանին, թե ԼՂ շփման գծում էսկալացիայի մեծ հավանականություն կա։ Ավելի ուշ հաղորդվեց նաև հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Էսկալացիայի մասով վարչապետի ասածը և, ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմի վերջին խախտումները խոսում են մեկ բանի մասին, որ Ալիևը փորձում է շարունակել ճնշման քաղաքականությունը Հայաստանի վրա։ Ալիևը փորձում է հասնել Հայաստանի կապիտուլյացիային՝ նրան, ինչին չի հասել նոյեմբերի 9-ի թղթի կտորով, որը ստորագրվել է պատերազմից հետո։ Եվ այն հայտարարությունը, որն արել է վարչապետը, խոսում է նրա մասին, որ Հայաստանում այդ քաղաքականության առնչությամբ որևէ պատրանքներ չունեն, և մենք պատրաստ ենք այդ սցենարներին։ Մնում է հույս հայտնել, որ աշխարհաքաղաքական իրողությունները թույլ կտան մեզ խուսափել այդ էսկալացիայից։

- Այս ասուլիսին ևս կարևորվեց միջազգային մեխանիզմների ներդրման հարցը։ Ի՞նչ մեխանիզմների մասին կարելի է խոսել։ Ո՞ր դեպքում միջազգային դերակատարները, որոնք իրենց շահերն ունեն Ադրբեջանի հետ հարաբերություններում, նաև այդ երկրին կզսպեն։

- Միջազգային մեխանիզմները Արցախի դեպքում պետք է լինեն նույնը, ինչ՝ Հայաստանում։ Դա լինելու է սահմանափակ մոնիտորինգային առաքելություն, լինելու է ԵՄ դրոշ։ Եթե մենք կարողանանք հասնել այդ նպատակին, կարծում եմ՝ Արցախում պատերազմի հավանականությունը և էթնիկ զտման հավանականությունը մի քանի անգամ նվազելու է։ Եվ դա կարող է իրականություն դառնալ մեր հետևողական աշխատանքի դեպքում, և, առաջին հերթին, Արցախից աշխարհին հղվի հստակ կոմպլեքս մեսիջ՝ ժողովրդի, հանրության, ԱԺ-ի, նախագահի մակարդակով, որում հստակ կնշվի, որ արցախահայությունն այսօր բնաջնջման վտանգի տակ է։ Եթե միջազգային հանրությունը չի ուզում, որ 21-րդ դարում կրկնվի 20-րդ դարի եղեռնը, այս անգամ՝ Արցախում, պետք է դիմի այդ քայլին։ Եվ այդ հարցում Ադրբեջանի հետ ընդհանուր շահերը պետք է մղվեն երկրորդ պլան։

- Խաղաղության պայմանագրի մասին էլ ասվեց, որ ստացվել է հայկական առաջարկներին ադրբեջանական կողմի արձագանքը։ Թեև Հայաստանն ուզում է արագ կնքել, ի՞նչ եք կարծում՝ հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի ղեկավարն էլ իր հերթին է երեկ խոսել այդ մասին։

- Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մեկ դեպքում․ երբ Ալիևը հրաժարվի իր մաքսիմալիզմից։ Տվյալ պահին հիմքեր չեմ տեսնում, որովհետև Ալիևն ուզում է ամեն ինչ և հիմա, ավելի ճիշտ՝ այս մեկ տարվա ընթացքում։ Նա մեզ մեկ տարի ժամանակ է տվել, և այս ուլտիմատիվ տոնայնությունը խոսում է Ալիևի շտապողականության մասին։ Պետք է հասկանալ, որ միջազգային իրադրությունը, աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի շուրջ կարող են նորից կտրուկ փոխվել։ Ոչ ոք չգիտի, թե որ կողմ է փոխվելու՝ հաշվի առնելով, որ այսօր Իրանի շուրջ լուրջ ռիսկեր կան։ Միակ ճանապարհն այն է, որ Ադրբեջանը հրաժարվի իր մաքսիմալիզմից, ինչի հիմքերը այսօր չկան։ Կարծում եմ՝ դժվար է մոտ ժամանակներում սպասել խաղաղության պայմանագրի ստորագրմանը այս միջազգային իրավիճակի ֆոնին։

- Ալիևն էլ հայտարարել է, թե այս ժամանակահատվածում Հայաստանը պետք է բաց չթողնի շանսը։ Սա ի՞նչ է նշանակում։

- Ալիևի հայտարարությունը ընդամենը մեկ բան է նշանակում․ նա շտապում է և փորձում է մեզ կապիտուլյացիա պարտադրել։ Նոյեմբերի 9-ին Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, կրել է խոշոր պարտություն, բայց դա չի եղել կապիտուլյացիա։ Հիմա Ալիևը փորձում է հասնել դրան և շտապում է։ Նա էլ է լավ հասկանում, որ այն իրավիճակը, որ կա այսօր, ստատիկ չէ, և ցանկացած պահի կարող է փոխվել, և փոխվում է։ Պետք է ամեն ինչ անել, որ այդ ճնշմանը չզիջենք, տեղի չտանք և շարունակենք կանգնել մեր դիրքերի վրա, այն է՝ 29․800 քառակուսի կիլոմետրը և Արցախի ժողովրդի անվտանգությունը, հնարավորությունը, որպեսզի այդ մարդիկ շարունակեն ապրել իրենք երկրում։

- Նշվեց, որ առաջիկայում տեղի կունենա Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։ Ի՞նչ է նշանակում այս այցելությունը, ի՞նչ սպասելիքներ ունեք։

- Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա մեկ բան է նշանակում՝ Հայաստանը չի ցանկանում այրել բոլոր կամուրջները Մոսկվայի հետ։ Կարծում եմ՝ այս իրավիճակում ճիշտ քայլ կլինի, որովհետև մենք մեզ այսօր այդպիսի ճոխություն չենք կարող թույլ տալ՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը ռեալ դեռ կատարում է մեծածավալ աշխատանք և  ունի մեծ հնարավորություններ։ Այնպես որ, սա քայլ է դեպի Մոսկվա, և ես հույս ունեմ, որ մեր ղեկավարությունը այդ քայլի արդյունքում չի փոշմանի, և դա վատ հետևանք չի ունենա մեզ համար, որովհետև ես անձամբ Ռուսաստանից որևէ լավ ու դրական սպասումներ չունեմ։

Հայկ Մագոյան