«ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է և մեր առանցքային նպատակներից մեկը։ Մեր ընկալումն է, որ ճիշտ կլինի՝ այդ հարցի առաջնային հետապնդողը լինի ԼՂ ժողովուրդը»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հիմնական խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև. «Պրոցեսները մեզ բերում են եզրակացության, որ առանց միջազգային մեխանիզմների և երաշխիքների առաջ գնալ հնարավոր չէ»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Մյունխենում Ադրբեջանի նախագահն ասաց՝ կա միջազգային պայմանավորվածություն Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների հարցով, սակայն ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո պարզվեց՝ Բաքուն առաջարկել է քննարկել ինտեգրացիայի հարց. «Տեսանք՝ բառամթերքը մի ամսվա ընթացքում ինչպես փոխվեց։ Խնդիրը բառամթերքը չէ, այլ պայմանավորվածությունը և դրանք չպահելու՝ Ադրբեջանի շարունակական գործելակերպը։ Իսկ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության շրջանակը, մեծ հաշվով, ԼՂ ժողովուրդը և կառավարությունը պետք է որոշեն»։