«Մենք ասում ենք՝ պետք են երաշխավորներ, նկատի ունենալով պետություններ, միջազգային կազմակերպություններ, միջազգային մեխանիզմներ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Radar Armenia-ի հարցին։
Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էինք. «Հայաստանը քանիցս հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի արդյունավետության կարևոր բաղադրիչը երաշխավորի ինստիտուտն է։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպիսի կոնսուլտացիաներ են եղել այս հարցի շուրջ, ո՞ւմ ենք դիտարկում որպես հնարավոր երաշխավոր, և ի՞նչ դիրքորոշում ունեն այս հարցում Ռուսաստանն ու Արևմուտքը»։
Ի պատասխան՝ վարչապետը նշել է. «Բանակցային պրոցեսում չպետք է բացառել մի իրավիճակ, երբ մի առաջարկ կհնչի, որը կլուծի բովանդակային հարցը՝ ձևով լինելով ուրիշ։ Հիմա ամենատարբեր մեխանիզմներ կան, այդ թվում՝ երաշխիքների։ Հետևաբար, շատ կարևոր է, որ լինեն այդ պայմանագրի իրականացման երաշխիքներ։ Դա կարող են լինել երաշխավորները, այլ մեխանիզմներ, բայց մեզ համար ամենակարևորը երաշխավորի ինստիտուտը չէ, այլ՝ երաշխիքների ինստիտուտը»։
Անդրադառնալով ՌԴ-ի և Արևմուտքի դիրքորոշմանը՝ նա ասել է. «Մենք ասում ենք՝ պետք են երաշխիքներ, որ պայմանագիրը, պայմանավորվածությունները կատարվեն։ Կարո՞ղ է լինի մեկը, որ ասի՝ ոչ, թող չկատարվեն, ստորագրեք, ինչ էական է՝ կկատարվեն, թե ոչ։ Նման բան չի կարող լինել։ Այլ բան, որ դրա վերաբերյալ կան տարբեր տեսակետներ, կարծիքներ»։