«ՔՊ-ն ստեղծման առաջին օրից եղել է ժողովրդավարական կուսակցություն, և դա իր հետ բերում է թե հնարավորություններ, թե սպառնալիքներ ու պրոբլեմներ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով իր հնարավոր իրավահաջորդի մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ ինքը երկար ժամանակ կուսակցության վարչության նախագահի թեկնածու չի առաջադրվել, որովհետև չի ուզել, որ ՔՊ-ն լինի մեկ անձի կուսակցություն. «Այսօր մեր կուսակցությունում վարչության նախագահ եղած երեք մարդ կա, թեկնածուներն ավելի շատ են եղել»։
Նրա խոսքով՝ կուսակցությունում բոլորը կարող են հավակնել վարչության նախագահի պաշտոնին. «Խորհրդարանական կառավարման ժամանակ կուսակցության վարչության նախագահը ավտոմատ դառնում է կուսակցության վարչապետի թեկնածու։ Իմ կարծիքով՝ մեր կուսակցությունում կան բազմաթիվ մարդիկ, որ կարող են լինել կուսակցության վարչության նախագահ և կուսակցության վարչապետի թեկնածու։ Եթե հանկարծ պարզվի՝ այդպես չի, ես իմ կուսակցական գործունեությունը ձախողված կհամարեմ»,- ասել է նա։
Վարչապետը նաև շեշտել է. «Մեր թիմում ինձ համար անցանկալի մարդ չկա»։
Նա պատմել է նաև, թե ինչպես էր 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հավաքել իր քաղաքական թիմին ու պահանջել քննարկել՝ արդյոք ինքն այն մարդն է, ով այդ պայմաններում պետք է կուսակցությանն առաջնորդեր արտահերթ ընտրություններում. «Մենք ունեցել ենք շատ բաց և անկեղծ խոսակցություն։ Ես երբեք իշխանության ուզուրպատոր չեմ եղել և համոզված եղեք՝ երբեք չեմ լինի՝ ոչ կուսակցությունում, ոչ երկրում»։