Քաղաքական

Ալիևը գիտի՝ ժամանակը Ադրբեջանի օգտին չի աշխատում. Գանտահարյան

Radar Armenia -ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Անցած շաբաթ Հայաստանում էին ԵԱՀԿ Մինսկի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները։ Ըստ Ձեզ, ի՞նչ էր նշանակում այդ այցը։

- Այո նկատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաշխուժացում, բայց սա ձեւաչափի ամբողջությունը չէ։ Միջնորդական ձեւաչափը, ըստ էության, անդամալուծվել է, սակայն դե յուրե չի կազմալուծվել։ Իբրև միավոր չի աշխատում, սակայն համանախագահներ են նշանակվում։ Իրապես, ԵԱՀԿ ՄԽ-ը վերափոխվում է հավաքական Արեւմուտքի Հարավային Կովկասի ուղղությամբ դերերի բաշխման և համակարգման հարթակի։ Չմոռանանք, որ ամերիկացի համանախագահը համատեղում է ԱՄՆ Հարավային Կովկասի թղթածրարի պատասխանատուի և համանախագահի պաշտոնները։ 

- Այս համատեքստում նշենք՝ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում էր, որ ղարաբաղյան հակամարտությունը հավերժ սառեցված լինի։ Նման հռետորաբանությամբ ի՞նչ է փորձում հասկացնել ադրբեջանական կողմը։

- Կարծում եմ՝ Ադրբեջանն անհանգիստ է Հարավային Կովկասում հավաքական Արեւմուտքի շարժումներից։ Բաքուն Անկարայի միջոցով պայմանավորվածություններ ունի Մոսկվայի հետ և հիմա շտապում է այդ շրջանակներում իրականացնել իր առաջադրանքները՝ «Զանգեզուրյան միջանցք», սահմանազատում-սահմանագծում, խաղաղության համաձայնագիր և այս առաջադրանքից ածանցյալ կետեր՝ տարածքային ամբողջականությունների փոխճանաչում, Արցախի պաշտպանական բանակի լուծարում, և այլն։ Արեւմուտք-Մոսկվա մրցապայքարը կամ առճակատման միտումները խանգարում են Բաքվի առաջադրանքնեը իրականացնելու գործընթացին։

- Ալիևը նախօրեին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա։ Ինչպե՞ս հասկանալ։

- Սա ճնշման միջոց է և պարզագույն ուղերձ՝ միջազգային ընտանիքին, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում և դրա համար էլ առաջարկել է նախագիծ։ Ուզում է ասել նաև, որ Երևանը համաձայն է Բաքվի ծրագրին։ Շտապողականության համարժեք հայտարարություն է։ Ալիևը գիտի, որ ժամանակը Ադրբեջանի օգտին չի աշխատում` դրա համար շտապում է։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունն ավելի հրատապ է դառնում։ Որքանով է իրատեսական սրա իրականացումը։ 

- Միջազգային ընտանիքը քայլ առ քայլ փորձում է ներգրավվել։ Դիտորդական, փաստահավաք, կարիքների ուսումնասիրության, միջգործակալական, թե նման բնույթի առաքելությունների գործուղումը կամ ծրագրավորումը դրա մասին են վկայում։ Ուշագրավ է նաև ԱՄՆ դեսպանի այցը Բերձորի միջանցքի սկզբնամաս։ Մանավանդ, երբ նկատի ունենանք դրան զուգահեռ պետքարտուղարի հայտարարությունը, թե ԱՄՆ ամեն ինչ պետք է անի՝ լուծելու համար արցախյան հակամարտությունը։ Իսկ ՄԱԿ փաստահավաք առաքելության տեղակայումը Բերձորի միջանցքում, արցախյան տարածքներում, կլինի միջազգային ընտանիքի ներգրավվածության առաջին քայլն Արցախում։ Նման քայլ առանց Բաքվի համաձայնության կհանդիպի խոչընդոտների։ Իսկ սա Բաքվի ձեռքին կլինի խաղաթուղթ՝ Մոսկվայի հետ իր հարաբերություններում ոչ միայն Բաքվի, այլ նաև Անկարայի։

Հայկ Մագոյան