ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական դիվերսիային, այն որակել է ահաբեկչական ակտ և հայտարարել, թե Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում. «Առաջինը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է։ Այս առումով պետք է ընդգծել, որ ԼՂ ԱԳ նախարարությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով Ադրբեջանի հետ խոսակցությունը շարունակելու պատրաստակամություն, և սա չափազանց կարևոր հայտարարություն է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա, և սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ։
Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակն էր ստեղծել կեղծ ապացույցներ, թե ՀՀ-ից ԼՂ զենք-զինամթերք է տեղափոխվում։ Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ և աներկբա մերժեց ՀՀ նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու՝ Ադրբեջանի պահանջը, երբ ՀՀ-ին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ»։
Նա շեշտել է, որ հարձակման ենթարկված ոստիկանական մեքենայում, բացի տաբելային զենքերից ու փաստաթղթերից, ոչինչ չի հայտնաբերվել. «Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը հետևյալն էր՝ արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ․ այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխարհային բարձրագույն դատական ատյանի՝ արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ»։
Փոխարենը, ըստ վարչապետի, Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների՝ ԼՂ-ում իրադրությունն ավելի սրելու համար. «Այս ամենի ընդգծումով ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների և ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները»։