Մարտի 4-ին տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ 3-րդ համագումարը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
«Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցողը, մեր համոզմամբ, Հայաստանում չավարտված հեղափոխության շարունակության վկայությունն է․ հեղափոխություն, որն ընդհատվեց համավարակի և Արցախի ու Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի հետևանքով, իսկ այժմ իրադրության վրա ահռելի ազդեցություն ունեցող ուկրաինական պատերազմով»,- իր ելույթում ասաց Բաբաջանյանը։
Նրա խոսքով՝ 2021թ. արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում հնչեց քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին, սակայն եթե ընտրությանը նախորդած ճգնաժամը պատերազմի հետևանք էր, ապա պատերազմն ինքը հետևանք էր Հայաստանում եղած այդ մեծ ճգնաժամի, որը հաղթահարված չէ, որը շարունակվում է առ այսօր և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի ձևավավորվի լեգիտիմության օրգանական բալանս, այսինքն՝ լեգիտիմ իշխանության և լեգիտիմ ընդդիմության առկայություն միաժամանակ։
Ըստ Արման Բաբաջանյանի, հենց այստեղ է Հայաստանում քաղաքական ճգնաժամի առանցքը. «Հայաստանում 1998թ.-ից ի վեր չի եղել էֆեկտիվ քաղաքական ընդդիմություն, էֆեկտիվ ոչ միայն իշխանափոխության հասնելու, այլ հասարակության հետ որակապես նոր հարաբերության, բովանդակային, մշակութային նոր խոսակցության և հաղորդակցության ներուժ պարունակող ընդդիմություն, որն իր մասնագիտական կարողություններով իրավիճակի փոփոխության պարագայում պատրաստ կլիներ համակարգված աշխատանքի։ Եթե 2018թ.-ին լիներ այդպիսի ներուժ, ապա կասկածից վեր է, որ Հայաստանը բոլորովին այլ դիմադրողունակություն կցուցաբերեր այն ավելի մեծ մարտահրավերներին, որ եկան 2018թ.-ից և 2020թ.-ից հետո։ Հայաստանում լայն իմաստով էֆեկտիվ ընդդիմության խնդիրը շարունակում է լինել արդիական»,- իր ելույթում ասաց Արման Բաբաջանյանը։