Քաղաքական

«Մարտի 1-ի գործով բացահայտվել է, որ ջոկատներ են կազմվել, ապօրինի վճարումներ են արվել». վարչապետ

«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն», - հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Խոսելով մարտի 1-ի մեղավորների՝ դեռևս պատժված չլինելու պատճառների մասին, նա նշել է. «Ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով։ Բայց նաև ասեմ՝ այն, որ մինչև հիմա մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինի։ Ամենամեծ խնդիրներից մեկը հետևյալն է՝ քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ նախաքննությունը 2008թ. մարտի 1-ից անմիջապես հետո ոչ միայն ջանք չի գործադրել, որ տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որ բացահայտումը կամ դժվար լինի, կամ անհնար դառնա։ Միայն մի դրվագ հիշեցնեմ՝ այստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխվել էին՝ իրական պարկուճները փոխարինվել էին այլ պարկուճներով»։

Փաշինյանը հիշեցրել է՝ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ջոկատներ են կազմվել, ապօրինի վճարումներ արվել, և դա արվել է բանակի հովանու ներքո։

Նա շեշտել է, որ մարտի 1-ի բացահայտումն իշխանությունների օրակարգից դուրս չի եկել։