Քաղաքական

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ․ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան մոնիթորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ

«Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ։ Մինչ օրս Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարողանում ազատ տեղաշարժվել, և մեզ հայտնել են, որ միջանցքի երկու կողմերում դեռևս արգելափակված է 954 մարդ։ Այս միջանցքով թույլատրվում է շարժվել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներին և ռուս խաղաղապահներին, ինչն ակնհայտորեն բավարար չէ բնակչության կարիքները բավարարելու համար։ Ավելին, շատ կարևոր է, որ ապրանքները կարողանան ժամանակին հասնեն ցանքի սեզոնին: Բոլոր տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը պետք է շտապ վերականգնվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության։

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման և էլեկտրամատակարարման կրկնակի ընդհատումները հանգեցրել են բնակիչների իրավունքների լուրջ ոտնահարման. շատերն արդեն կորցրել են իրենց աշխատանքը, երեխաներն էլ զրկված են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակվել։

Մենք հիշեցնում ենք Ադրբեջանի հարցով համազեկուցողների հետ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի մեր համատեղ հայտարարությունը, որը կոչ էր անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը, որը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանում բժշկական օգնության կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին դժվարին իրավիճակում հայտնված այլ մարդկանց անվտանգ տեղաշարժը «Լաչինի միջանցքով» ապահովելու համար։

Մենք նաև ի գիտություն ենք ընդունում Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որում ասվում է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»: Մենք հրավիրում ենք Վեհաժողովի բոլոր անդամներին այս իրավիճակը հասցնել իրենց համապատասխան ազգային խորհրդարանների ուշադրությանը և միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը անհապաղ դադարեցնելու մեր կոչին։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ապա մենք դիտարկել ենք Ջերմուկ քաղաքում և Սոթք գյուղի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքները։ Մենք նշել ենք, որ քաղաքացիական տարածքներում կասետային զինամթերքի կիրառման ապացույցներ են հավաքվել և պահպանվել հետագա փորձաքննության համար: Մեզ ցույց տվեցին ադրբեջանական մարտական ​​դիրքերի առկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, երբեմն վիճելի սահմաններից դուրս։

Մենք ողջունում ենք սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը` նշելով նախորդ առաքելության զգալի շոշափելի ազդեցությունը լարվածության նվազեցման գործում: Մենք կոչ ենք անում երկու կողմերին առաջ տանել սահմանների սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվել սահմանից զորքերի հայելային դուրսբերման շուրջ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլ:

Մենք նախկինի պես խիստ ուշադիր ենք վերաբերվում ապագա իրադարձություններին և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով ցուցաբերել այն ողջ քաղաքական աջակցությունը, որն անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասված է հայտարարությունում։

Ի հավելումն նշվում է, որ այցի ընթացքում համազեկուցողները եղել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում և դրանց շրջակայքում, ինչպես նաև հայկական կողմից Լաչինի միջանցքի մուտքում։ Նրանք հանդիպել են տեղի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ, որոնք Գորիսում արգելափակված են Լաչինի միջանցքի շարունակական խոչընդոտման պատճառով։