Քաղաքական

«Աշխարհն ականատես կլինի սառը պատերազմի նորօրյա ռեժիմին». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին։ Եթե ամփոփելու լինենք այս ընթացքը, ի՞նչ հիմնական դիտարկումներ կարող ենք անել։ Ինչի են հասել կողմները։

- Թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումներով հանգուցալուծման կետերի չեն հասել կողմերը։ Չնայած, որ ՌԴ-ն ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների է տիրացել, այնուամենայնիվ, նկատելի է, որ օղակը սեղմվում է իր շուրջ։ Նկատի ունեմ ՌԴ-ի սահմանամերձ շրջաններում ՆԱՏՕ-ի ներկայության գործընթացը, ռուսական տիրույթներում Արևմուտքի կողմից հակակշիռ գործողություններ իրականացնելու երևույթը, կամ ՌԴ-ի ազդեցության գոտիներում ու հասարակական հարթություններում հակառուս ալիքի ձևավորումը։

- Ձեր տպավորությամբ ե՞րբ կավարտվի պատերազմը։

- Պատերազմի ավարտը դեռևս չի երևում։ Եթե անգամ բախումնային լայնածավալ պատերազմը դադարի, կշարունակվի սողացող կամ հիբրիդային պատերազմը։ Աշխարհն ականատես կլինի սառը պատերազմի նորօրյա ռեժիմին։ Ինչպես այժմ են ընթանում համաշխարհային պատերազմի լոկալացված 21-րդ դարի տարբերակները, այնպես էլ կլինի 21-րդ դարի վերափոխված սառը պատերազմ։

- Արևմուտք-ՌԴ դիմակայությունն, ըստ Ձեզ, ի՞նչ դրսևորումներ կարող է ունենալ առաջիկայում և ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա։

- Կարծում եմ՝ լարվածությունը կշարունակվի․ Հարավային Կովկասում շատ բան կախված է մի քանի հանգամանքից։ Առաջինը՝ Ուկրաինայի պատերազմի արդյունքներ, երկրորդը՝ Թուրքիայում նախագահական ընտրությունների արդյունքներ, իսկ երկրորդը՝ դրան հետևող Անկարա-Մոսկվա հարաբերություններ։ Մեծ հաշվով, մրցակցությունը ազդեցության գոտիների՝ հավաքական Արևմուտքի և ՌԴ-ի միջև շարունակվելու է ։

- ՌԴ նախագահն իր վերջին ուղերձում հայտարարեց, թե Ռուսաստանը կասեցնում է իր մասնակցությունը, սակայն դուրս չի գալիս «Ստրատեգիական հարձակողական սպառազինություն-3» համաձայնագրից։ Սա ի՞նչ է նշանակում։

- Կասեցումը լարվածության ուղենիշ է, իսկ սառեցումը՝ կամուրջները վերջնականապես չքանդելու և ետդարձի ուղին բաց պահելու։ Սա մագլցողականության աստիճան է։ Չեմ կարծում, որ մեծ ազդեցություն կունենան նման որոշումները հետագա գործընթացների վրա։ Առկախումը հակազդելու օրինաչափ ցուցանիշ է և քաղաքական գործընթացներում օգտագործվող գործիքակազմ։

Հայկ Մագոյան