Քաղաքական

Օսկանյանը պատրաստ էր աջակցել Փաշինյանին, եթե զիջումներ աներ

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ինքը ժամանակին պատրաստ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու։

Այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նա հայտարարել է. «Հիշո՞ւմ եք՝ ինչ-որ պահի Փաշինյանն ասաց՝ պետք է խորանամ Մադրիդյան փաստաթղթի մեջ, որովհետև դրույթներ կան, որ անհասկանալի են և այլն: Փաշինյանին մոտ կանգնած մարդկանց ասացի՝ փոխանցեք ձեր ղեկավարին, որ հեղինակն այստեղ է, կարող է կանչել ինձ ու խորհրդակցել: Եթե Փաշինյանն ինձ կանչած լիներ, հետևյալ հորդորը կանեի. հաշվի առնելով իր բարձր հեղինակությունն այդ օրերին, լայն աջակցությունը, նա ուներ այն հնարավորությունը, որ կարողանար իր վրա վերցներ պատասխանատվությունն ու աներ լրացուցիչ մի քանի զիջումներ, որ նախկին նախագահները չուզեցին կամ չկարողացան անել, և հասներ Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը։

Մադրիդյան փաստաթուղթը այդ հնարավորությունը տալիս էր, այդ հնարավորությունը կար: Փաշինյանը լավ ժառանգություն էր ստացել: Ես պատրաստ էի այդ հարցում իր կողքը կանգնել և աջակցել, որ հնարավոր լինի հասնել հարցի խաղաղ կարգավորմանը»,- ասել է Օսկանյանը: