Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է։
- Լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին։ Եթե ամփոփելու լինենք այս ընթացքը, ի՞նչ հիմնական դիտարկումներ կարող ենք անել։
- Այն խնդիրները, որ ՌԴ-ն դրել էր իր առջև՝ մի քանի օրվա ընթացքում հասնել Ուկրաինայի տարածքի օկուպացմանը, ձախողել է։ Ավելին, պատերազմի այս մեկ տարվա ընթացքում Ուկրաինան կարողացավ իր շուրջը համախմբել քաղաքակիրթ աշխարհին և շարունակում է սպառազինություն ստանալ։ Սրա մասին նաև ազդարարեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Ու այս մեկ տարվա պատերազմն ընդհանրապես մի բան է հուշում, որ այն ավարտվելու է Ուկրաինայի հաղթանակով, որը միայն Ուկրաինայի հաղթանակը չի լինելու։ Ուզում եմ հատուկ ընդգծել՝ Ուկրաինան ՌԴ-ի դեմ պատերազմ մղելով պաշտպանում է նաև ետսովետական մնացած պետությունների ինքնիշխանությունը, քանի որ Վլադիմիր Պուտինը չի թաքցնում իր մտադրությունները՝ գնալ սովետական մոդելի պետության ստեղծման։ Ու այս ճանապարհին Ուկրաինան հստակ խոչընդոտ է, և եթե ՌԴ-ն այստեղ ձախողվում է, կարող ենք հստակ արձանագրել, որ ՀՀ-ն շատ ավելի քիչ վնասներով Ռուսաստանի հետ հարաբերություններում անկախություն ձեռք կբերի։
- Ձեր տպավորությամբ՝ երևու՞մ է պատերազմի ավարտը։
- Պատերազմն այս տարվա ընթացքում կարող է և չավարտվել։ Բայց այն չի կարող ձգվել հաջորդ տարում։ Այսինքն, երկու տարվա կտրվածքով խնդիրը պետք է լուծվի։ Հատկապես այստեղ Արևմուտքի շահագրգռվածությունն է ընդգծելի։ Նա շահագրգռված է, որ պատերազմը, որքան հնարավոր է շուտ, ավարտվի, և ավարտվի Ուկրաինայի հաղթանակով։ ՌԴ-ն Ուկրաինայի սուվերեն տարածք է ներխուժել, և հենց այդ պատճառով է նաև, որ այն պետք է ավարտվի բացառապես Ուկրաինայի հաղթանակով, այլապես աշխարհը կմտնի տուրբուլենտ մի շրջափուլ, որտեղ կարելի է սպասել ամեն ինչ։
- Արևմուտք-ՌԴ դիմակայությունն ուրիշ ի՞նչ դրսևորումներ կարող է ունենալ առաջիկայում։
- ՌԴ-ի և հավաքական Արևմուտքի դիմակայությունն առայժմ կարտացոլվի միայն Ուկրաինայում ծավալվող տաք ռազմական գործողություններում։ Եթե ՌԴ-ին հաջողվեց Ուկրաինային ծնկի բերել, այս առճակատումը կարող է տեղափոխվել նաև Եվրոպայի սիրտ։ Իմ կարծիքը հետևյալն է՝ ՌԴ նախագահ Պուտինը որևէ պարագայում կանգ չի առնելու։
- Այս համատեքստում կխնդրեի անդրադառնալ ՌԴ նախագահի վերջին ուղերձին, երբ հայտարարեց, որ Ռուսաստանը կասեցնում է իր մասնակցությունը, սակայն դուրս չի գալիս «Ստրատեգիական հարձակողական սպառազինություն-3» համաձայնագրից։
- ՌԴ նախագահը լավ է պատկերացնում, թե պատերազմի այս շրջափուլում ինչպես են դեպքերը զարգանալու։ Ուկրաինական բանակն իրականում տիրապետում է հեռահար զենքերի, և այս իրավիճակում ճիշտ պահին նաև պատրաստ է դրանք կիրառել ՌԴ-ի դեմ։ Պուտինն սպառնում էր հավաքական Արևմուտքին, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներին, և իր ուղերձում նա նշեց՝ եթե հավաքական Արևմուտքը կշարունակի հեռահար զենքեր տալ, ՌԴ-ն ավելի խորը թիկունքում պատերազմ կսկսի վարել։ Այսինքն, Պուտինը բացեիբաց սպառնում է, մասնավորապես՝ Եվրոպային, որ տաք հակամարտությունը Ուկրաինայից կարող է տեղափոխվել Եվրոպա։ Եվ այս համաձայնագրի կասեցումը խոսում է նաև այն մասին, որ Վլադիմիր Պուտինը ինչ որ առումով սպառնում է Միացյալ Նահանգներին՝ կասեցնելով, բայց դուրս չգալով համաձայնագրից։
Հայկ Մագոյան