Քաղաքական

ԼՂ շրջափակումը հակասում է այն սկզբունքներին, որոնց համար պայքարում է ԵԽ-ն. դեսպան

Այսօր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը կրկին բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման խնդիրը: Ելույթում նշվել է.
 
«Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը հակասում է բոլոր այն սկզբունքներին և արժեքներին, որոնց համար պայքարում է Եվրոպայի խորհուրդը։ Շրջափակման միջոցով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
 
Լաչինի միջանցքի կարգավիճակը հստակ սահմանված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Լաչինի միջանցքում անցակետի ստեղծման մասին խոսելով` Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է հումանիտար ճգնաժամը՝ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար: Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել միջազգային փաստահավաք առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, ուստի փետրվարի 17-19-ը ԵԽԽՎ համազեկուցողները այցելել են միայն Հայաստան»: