Քաղաքական

«Մենք չենք կարող վաճառել մեր հոգին». Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

«Մենք չենք կարող մեր հոգին վաճառել, որ գազ կամ նավթ ունենանք», - հայտարարել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորը՝ Radar Armenia-ի հարցին ի պատասխան։

Radar Armenia-ի՝ նախարարին ուղղված հարցը հետևյալն էր․ «Չնայած միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատություններին՝ Ադրբեջանում մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը վերաբերող հարցերը առաջնային չեն, եթե չասենք, որ դուրս են մղվել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է Եվրոպան հաղթահարելու համաեվրոպական արժեքների ստորադասումը նավթագազային շահերին, հատկապես, երբ առկա են հավաստի տվյալներ, որ Եվրոպային վաճառվող ռեսուրսների զգալի մասը ձեռք է բերվելու երրորդ երկրից»։

Նախարարը պատասխանել է․

- Դուք գիտեք, որ անցած տարվա փետրվարի 24-ից ի վեր Եվրոպան նոր էներգետիկ աղբյուրների կարիք ունի աշխարհի այլ մասերից։ Ես Ձեզ հետ համաձայն եմ, մենք չենք կարող մեր հոգին վաճառել, որ գազ ունենանք կամ նավթ։ Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք, որ եթե այլ ուղիներ, հնարավորություններ չունենք, հանկարծ չհայտնվենք կախվածության մեջ աշխարհի այն մասերից, որտեղ մարդու իրավունքներն առաջնահերթություն չեն։