Քաղաքական

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը խոստացել է շարունակել ջանքերը՝ Բերձորի միջանցքը բացելու հարցում

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Գորիս ժամանած ֆրանսիական պատվիրակությանը, որը Հայաստանում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպի ղեկավարությամբ։ Պատվիրակության կազմում են նաև նախկին նախարար Նատալի Լուազոն, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեվեջյանի այրին՝ Սոֆի Դեվեջյանը, խորհրդարանի երկու անդամ։

Հյուրերը նախ այցելել են Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն, ապա զրույց են ունեցել Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Էդուարդ Ֆիլիպը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում, սական ցանկացել է հանդիպումներ ունենալ ոչ միայն մայրաքաղաքում, այլև անպայման այցելել Սյունիք․ «Նպատակ ունենք մեր աչքերով տեսնել և հասկանալ այստեղի իրավիճակն ու վերահաստատել մեր համերաշխությունը հայ ժողովրդին»։

Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը մարզ այցելելու համար՝ նշելով, որ այս ծանր ժամանակահատվածում Սյունիքը նման կարևոր հյուրերի կարիք շատ ունի։ Ռոբերտ Ղուկասյանը պատասխանել է ֆրանսիական կողմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին մարզում ստեղծված կացությանը, անվտանգային ու այլ հարցերի։ Զրույցի ընթացքում կարևորվել է նաև առաջիկայում Սյունիքի ու Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ նահանգի միջև կնքվելիք հուշագիրը։

Ֆրանսիական պատվիրակության անդամները Գորիսում հանդիպել են նաև Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելու պատճառով ժամանակավորապես այստեղ ապաստանած, ինչպես նաև վերջին պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների հետ, լսել նրանց պատմություններն ու բարձրաձայնած խնդիրները՝ խոստանալով Ֆրանսիա վերադառնալուց հետո շարունակել ջանքերը՝ Բերձորի միջանցքի բացմանը հասնելու համար։