Քաղաքական

Այսօր Ղարաբաղյան շարժման սկզբնավորման 35-ամյակն է

Այսօր Ղարաբաղյան շարժման սկզբնավորման 35-ամյակն է։

Ընդառաջ գնալով մարզի հայ բնակչության ցանկություններին՝ 1988թ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ, ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրով։

Փետրվարի 21-ին Երևան հասավ Արցախի պատվիրակությունը՝ ձեռքին ունենալով մարզխորհրդի որոշումը: Հանրահավաքի մասնակիցները որոշման մասին լուրն ընդունեցին բուռն ոգևորությամբ: Եվ իսկույն ձևավորվեց փետրվարյան հանրահավաքների առաջին և միակ պահանջը. Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրել և անմիջապես դրականորեն արձագանքել իրենց ուղղված դիմումին։

Փետրվարի 25-ին և 26-ին Երևանի Թատերական հրապարակը, հարակից զբոսայգին և փողոցները լեցուն էին Երևանի և հանրապետության ողջ տարածքից ժամանած բնակչությամբ։ Մասնակիցների նման ահռելի թվով հանրահավաքներն աննախադեպ երևույթ էին ոչ միայն հայ ժողովրդի, այլ ԽՍՀՄ կյանքում՝ նրա ողջ պատմության ընթացքում:

Առաջին հանրահավաքների նախաձեռնողներից և մասնակիցներից մինչև Խորհրդային Միության առաջին դեմքը և աշխարհում որևէ մեկը չէին կարող պատկերացնել, թե ինչ ծավալ, ընդգրկում կստանա այդ շարժումը, առավել ևս՝ ինչպիսի ներգործություն կունենա ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլև՝ ընդհուպ աշխարհաքաղաքական զարգացումների, համաշխարհային պատմության ընթացքի վրա։