Քաղաքական

«Չի բացառվում, որ ԱՄՆ-ն ճնշի Թուրքիային». Գանտահարյան

«Չի բացառվում, որ ԱՄՆ-ն ճնշի Թուրքիային». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

-Հաշվի առնելով ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա, դրան հաջորդած հայտարարությունները, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել արագացնել գործընթացը, հայ-թուրքական հարաբերություններում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

-Երկրաշարժային դիվանագիտության փաստը խոսում է այն մասին, որ մարդասիրականն ու դիվանագիտականը համատեղվել են։ Սակայն չեմ կարծում, թե բեկումնային իրավիճակ կստեղծվի այս հարթությունում։ Թուրքիայի արտգործնախարարը պարզ դարձրեց, որ ամեն ինչ փոխկապակցված է, և Անկարան հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններն ընկալում է իբրև մեկ ամբողջություն։ Կլինեն կաթիլային գործողություններ, շատ դանդաղ տեղաշարժ՝ համընթաց հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրվելիք միտումներին։ Դրա փաստը Մարգարայի կամրջի ժամանակավոր բացումն է, Անիի կամրջի վերանորոգման որոշումը, ենթակառուցվածքների նախապատրաստության մասին որոշումը, կամ երրորդ քաղաքացիների և դիվանագիտական անձանց կողմից սահմանը հատելու՝ դեռևս չիրականացած թույլտվությունը։

-Հայաստան-Թուրքիա երկխոսության այս փուլը որևէ ազդեցություն կունենա՞ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

-Երկու ուղղությունները փոխկապակցված տրամաբանությամբ կազդեն իրար վրա։ Դրա համար էր, որ Երևանը հայտարարեց, որ խաղաղության համաձայնագրի առումով իր առաջարկներն արդեն հղել է։ Երկու ուղղություններն ընթանում են զուգահեռ։ Քաղաքագիտական ընկալմամբ՝ երբ հակամարտող կողմերից մեկը հարվածի տակ է, նրան կստիպեն գնալ համաձայնության ու ընդունելի պայմանագիր ստորագրելու։ Հիմա Թուրքիան ծանր իրավիճակում է հայտնվել հատկապես ֆինանսա-տնտեսական առումով։ Չի բացառվում, որ հավաքական Արևմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ն, ճնշի Թուրքիային՝ հատկապես արտաքին քաղաքականության ուղղու վրա որոշակի փոփոխությունների պահանջելով։ Հայկական կողմը շտապելու փոխարեն կարող է կանգ առնել և վերահաշվարկել այն պայմանները, որի ներքո ուզում է իրականացնել համաձայնությունները։

-Մարդասիրական օգնությունը ցամաքային սահմանով Թուրքիա ուղարկելը զուտ խորհրդանշակա՞ն բնույթ ուներ, թե՞ ոչ։

-Կարծում եմ՝ օրինաչափ էր մարդասիրական օժանդակություն ուղարկելը։ Պարզ էր, որ Անկարան կօգտագործեր երևույթը․ Մարգարայի կամրջի ժամանակավոր բացումը դրա փաստն է։ Այլապես օժանդակությունը կարող էր օդային տարածքով հասնել։ Անկարան դրանով խաղաղասիրական ակցիայի ծխածակույթ է առաջացնում։

-Մյունխենի համաժողովի շրջանակներում էլ խոսվեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին. Բորելն ասել է, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը»։ Ադրբեջանը տեղի կտա՞ այս հայտարարություններին ու կբացի միջանցքը, թե՞ ոչ։

-Չեմ կարծում։ Կան շատ ավելի խիստ ու հասցեական բանաձևեր, կոչեր, պահանջներ, և Ադրբեջանը ընդառաջ չի գնում։ Սա Բաքվի կողմից ճնշամիջոց է։ Ուզում են հանգել ընդհանուր համաձայնության և, առաջին հերթին, Նախիջևան-Ադրբեջան կապին։ Միայն նման դրանց նախապատրաստական աշխատանքների սկսման համաձայնության դիմաց կբացեն միջանցքը։ Մնացած ամեն բան՝ սկսած բնապահպանությունից և հանքերից, պատրվակներ են։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական