Քաղաքական

«Ալիևը սնվում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտով». քաղաքագետ

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։

-Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խաղաղության պայմանագրի հայկական առաջարկների պատրաստ լինելու և դրանք ադրբեջանական կողմին ու ԵԱՀԿ ՄԽ-ին փոխանցելու մասին։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

-Կարծում եմ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվելու են։ Ադրբեջանը որոշ ժամանակ անց հերթական անգամ կուղարկի իր խմբագրված տարբերակը։ Եվ այդ պրոցեսը երկար ջուր կքաշի։ Սպասել, որ մոտ ապագայում կարող է կոնսենսուս լինել այն հարցերի շուրջ, որոնց շուրջ Բաքուն և Երևանն ունեն տարաձայնություններ, դեռ վաղ է։ Այդ ամեն ինչին ժամանակ է պետք։ Հիմնական պատճառն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի տարածքով պահանջել արտատարածքային պայմաններով միջանցք, շարունակում է պահանջել 8 գյուղ, որն ինքը համարում է անկլավ։ Իսկ այս դիրքորոշումը Հայաստանի համար ձեռնտու չէ և չի կարող դառնալ իրականություն։

-Մյունխենի անվտանգության համաժողովին ներկա կլինեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Արդյո՞ք նրանց հնարավոր հանդիպումը կարող է որոշակի տեղաշարժ ապահովել հայ-ադրբեջանական բանակցություններում։

-Ինչպես նշեցի, խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարում է Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ պահվածքը։ Իսկ երբ ասում ենք Ադրբեջան, հասկանում ենք Իլհամ Ալիև։ Ալիևը սնվում է այս կոնֆլիկտով, նրա իշխանությունը սնվում է հայերի և ադրբեջանցիների արյամբ։ Այս առումով սպասել, որ Մյունխենում նրա հնարավոր հանդիպումը Փաշինյանի հետ կարող է առաջընթաց ապահովել խաղաղության պայմանագրի շրջանակներում և արագացնել այդ պրոցեսը, դեռ վաղ է։

-ՀՀ ԱԳ նախարարն այցելեց Թուրքիա, նաև խոսվեց երկկողմ պայմանավորվածությունների ձեռք բերման և երկխոսության գործընթացն արագացնելու մասին։ Որքանո՞վ է ռեալ գործընթացի արագացումը, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան մշտապես ԼՂ խնդրով, հայ-ադրբեջանական հարաբերություններով է պայմանավորում ՀՀ հետ իր հարաբերությունների կառուցումը։

-Իմ կարծիքով՝ գործընթացն արդեն արագացել է․ դա փաստ է։ Այն հայտարարությունները, որոնք արվել են Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումից հետո, վկայում են այդ մասին։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է ենթակառուցվածքներին, որոնք պետք է վերակառուցվեն։ Այլ հարց է, թե ինչով կարող է վերջանալ այդ գործընթացը։ Հուսամ՝ ժամանակի ընթացքում այդ գործընթացն էլ ավելի կարագանա, և կլինի շոշափելի արդյունք, գոնե, հայ-թուրքական սահմանի բացման մասով, սակայն դա նորից ժամանակի հարց է՝ կարող է ամիսներ, տարիներ տևել։ Բայց այն, որ տեղի ունեցածը՝ հանդիպումը, հայտարարությունները, եղել են ՀՀ առաջարկով, և այստեղ առաջին ջութակի դերը խաղացել է մեր ղեկավարությունը, անհերքելի փաստ է։ Դա եղել է ճիշտ, հաշվարկած և կառուցողական քայլ։ Հուսանք՝ այն կունենա տրամաբանական ավարտ՝ հայ-թուրքական սահմանի բացման տեսքով։

Հայկ Մագոյան