ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերին:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները զգալի վերընթաց կապրեն:
Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելուն՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է. «Տիկի՛ն դեսպան, Հայաստանն այսօր հանդես է գալիս տարածաշրջանում երկարամյա խաղաղության հաստատման օրակարգով: Սակայն հարկ եմ համարում փաստել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականությունը վտանգում է տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը: Հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է գտնվել անմարդկային շրջափակման մեջ՝ Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի արգելափակման պատճառով»: